Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է ԿԳ նախարարի պաշտոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախարարի լիազորություններն ավարտելու կապակցությամբ: ««Ավարտելով Հայաստանի կրթության և գիտության նախարարի իմ լիազորությունները՝ շնորհակալությունս եմ հայտնում՝
- Երկրի Նախագահին՝ վստահության, այս տարիների ընթացքում ոլորտին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
- Կառավարության ղեկավարին՝ համատեղ գործունեության և թիմային աշխատանքի համար:
- Կառավարության բոլոր անդամներին՝ գործընկերության և ընկերության համար;
- ՀՀ ԿԳՆ աշխատակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի և գիտելիքի միջոցով Հայրենիքը շենացնելու հավատի համար:
- Բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և գիտնականներին՝ իրենց աշխատանքային նվիրվածության և առաքելության համար:
- Մեր աշակերտներին և ուսանողներին՝ իրենց պայծառության և մեր երկրում իրենց ապագան սեփական խելքով կառուցելու պատրաստակամության համար:
- Լրատվական միջոցներին՝ լուսաբանման, քննադատության և դրվատանքի համար:
- Մայր Աթոռին, մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և հետևողական սատարման համար:
- Մեր քաղաքացիներին՝ մեր երեխաներին լավ կրթություն և դաստիարակություն տալու մեր համատեղ ջանքերի համար:
Հետագա հաջողություններ եմ մաղթում նորանշանակ նախարարին, նախարարության կոլեկտիվին և ամբողջ ոլորտին իրենց դժվար, բայց շնորհակալ ու կարևոր գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Արմեն Աշոտյանը:
ՀՀ Նախագահի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԿԳ նախարար է նշանակվել դաշնակցական Լևոն Մկրտչյանը:



