Իսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ իսրայելական Elbit Systems ընկերությունը շուրջ 235 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել, ինչը ենթադրում է, որ EXTRA-MR միջին հեռահարության հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են մատակարարվելու եվրոպական անհայտ երկիր (անունը չի նշվում երկրի):
Մասնագիտացված «Polygon» ադրբեջանական պարբերականը՝ հղում անելով Elbit Systems-ին, հայտնում է, որ պայմանագիրը կնքվել է Իսրայելի պաշտպանության նախարարության և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարության միջև՝ միջկառավարական համաձայնագրի շրջանակում։
Եռամյա պայմանագրի շրջանակում Elbit Systems-ը գաղտնի պահվող երկիր կմատակարարի իր գերձայնային EXTRA հրթիռային համակարգի միջին հեռահարության տարբերակը, ինչպես նաև PULS արձակման կայանքներ, հրթիռային և հրետանային համակարգերի հետ կապված, այսպես ասած, հավելյալ հարթակներ և համալիր լոգիստիկ աջակցություն։
Իսրայելական որոշ աղբյուրներ ևս գաղտնիություն են պահպանել, թե որ երկրին է վաճառվելու EXTRA-MR միջին հեռահարության հրթիռները և PULS համակարգերը, սակայն, իսրայելական «Globes»-ը, հղում տալով իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է։



