ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը դիտարկում է GBU-43/B (MOAB) գերհզոր ֆուգասային ավիացիոն ռումբի կիրառմամբ Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, որը ոչ պաշտոնապես անվանում են «բոլոր ռումբերի մայրը»: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ հարձակման կարող են ենթարկվել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքը և միջուկային օբյեկտները, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գործողությունների վերսկսման հրաման տա:
MOAB-ի զանգվածը գերազանցում է 9,5 տոննան, դա ԱՄՆ ԶՈւ սպառազինության մեջ գտնվող ամենահզոր ոչ միջուկային ռումբն է, նշում է CNN-ը: Դրա կիրառման արդյունավետությունը կասկածներ է հարուցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ռազմավարական նպատակներին հասնելու տեսանկյունից, սակայն, ինչպես նշում է CNN-ը, դա նշանակալի էսկալացիա կնշանավորեր իսլամական հանրապետության հետ ԱՄՆ հակամարտությունում:
Թրամփը զինվորականներին հրահանգել է մշակել Իրանին հարվածելու լրացուցիչ պլաններ՝ թիրախների ցանկում ներառելով շատ էներգետիկ ենթակառուցվածքներ և նախատեսելով MOAB-ի հնարավոր կիրառումը, հայտնել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: Նրա մեկ այլ անանուն զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ ԶՈւ-ն ծրագրում է հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին և Նաթանզի մոտ գտնվող օբյեկտին, որը իբր թաքցված է Քոլանգ-Գազ-Լա լեռան տակ:
«Նախագահը, ցավոք, հայտնվել է մի իրավիճակում, երբ նա գրեթե ստիպված է որևէ քայլ ձեռնարկել, սակայն առանց այնպիսի զինամթերքի, որը նախատեսված է նման խորության վրա խոցելու համար, ստիպված ես ուշադրություն դարձնել հոգեբանական ազդեցության վրա, որի համար լիովին համապատասխանում է MOAB-ը»,- CNN-ին հայտնել է աղբյուրներից մեկը:
Ինչպես նշվում է, ամերիկյան վարչակազմի բազմաթիվ անդամների կարծիքով՝ Իրանի նկատմամբ հաղթանակ տանելու Միակ ճանապարհը ցամաքային զորքերի ներգրավմամբ լայնամասշտաբ գործողություն անցկացնելն է, սակայն դա կարող է հանգեցնել հազարավոր ամերիկացի զինվորականների զոհվելուն: Պենտագոնն ուսումնասիրում է գործողությունների բոլոր տարբերակները, ներառյալ սա, սակայն առայժմ վարչակազմում ոչ ոք չի պնդում ցամաքային գործողություն անցկացնելու հարցում: Թրամփը նույնպես հասկացնել է տվել, որ հետաքրքրված չէ Իրան ամերիկացի զինվորականներ ուղարկելու հարցում, նշել է հեռուստաընկերությունը:



