Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏիրանայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորների թիվը հասնում է 29-ի, որոնք բժշկական օգնություն են ստանում, հաղորդում է «Albanian Post»-ը՝ հղում անելով Համալսարանական վնասվածքաբանության հիվանդանոցի տվյալներին։
Բուժում ստացողների թվում են 23 ոստիկան, հինգ ցուցարար և մեկ անցորդ։ CNA-ի տվյալներով՝ իրավապահ մարմինները անկարգություններին մասնակցելու համար ձերբակալել են 35 մարդու։
Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Դրանք սկսվել են հոկտեմբերի 13-ին Ալբանիայի կրթության նախարարության դիմաց ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ և շարունակվել են չորեքշաբթի օրը։ Վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են ներխուժել վարչապետի նստավայր։
Ոստիկանության կողմից հետ մղվելուց հետո նրանք բաժանվել են խմբերի և սկսել են վանդալիզմի ենթարկել Տիրանայի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը։ Վնասվել են խորհրդարանը, Արդարադատության նախարարությունը, Պետական արխիվը և մի շարք այլ հաստատություններ։



