Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխության նախագծին, որով քաղաքացիների որոշակի խմբի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային վերին շեմը նախատեսվում է սահմանել 32 տարեկանը։
Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ արտերկրի որոշ բուհերում ուսումնական գործընթացի առանձնահատկությունների պատճառով մինչև 27 տարեկանը տարկետում ստացած քաղաքացիները հաճախ չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնառությունը և Հայաստանում աշխատանքի անցնել Կառավարության կողմից սահմանված ոլորտներում։
Past.am-ի փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում այդ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց խոչընդոտների ավարտել ուսումը, իսկ դրանից հետո առնվազն երեք տարի ժամկետով օգտվել Կառավարության սահմանած ոլորտներում աշխատելու հիմքով տրամադրվող տարկետման իրավունքից։
Past.am-ի տեղեկություններով՝ նախագիծը դեռ պետք է անցնի օրենսդրությամբ նախատեսված հետագա ընթացակարգերը։



