Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս տարածաշրջանային խոշորագույն MedMeet էքսպոյի հարթակում տեղի է ունեցել բժշկական համայնքի առանցքային նշանակության իրադարձությունը. երիտասարդ բժիշկների ասոցիացիայի և AAD Media Holding-ի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է հանրության լայն շրջանակներին ներկայացնել հայ բժիշկների մասնագիտական փայլուն ձեռքբերումներն ու բարձր որակավորումը։
Միջոցառումը հնարավորություն է տվել ոլորտի վաստակավոր երախտավորներին հանդես գալ բարձր ամբիոնից, ամփոփել բժշկագիտության անցած ճանապարհն ու նվաճումները, ինչպես նաև իրենց արժեքավոր խոսքն ու պատգամն ուղղել երիտասարդ սերնդին։
Միջոցառման պաշտոնական մեկնարկը տրվել է ոլորտի լավագույն մասնագետների բանախոսություններով։
Միջոցառմանը միջազգային շունչ և մեծ կարևորություն է հաղորդել այն փաստը, որ AAD Media Holding-ը, որը հաջողությամբ թողարկում է «Հայաստան-սփյուռք» համահայկական ամսագիրը և արդեն մասնաճյուղ է բացել ԱՄՆ-ում, կապող օղակ է դարձել երկու երկրների մասնագիտական շրջանակների միջև։
Մրցանակակիրներին և ներկաներին հատուկ ողջույնի խոսքով միացել է Լոս Անջելես վարչաշրջանի հիվանդանոցների և առողջապահության ծառայությունների կոմիսար Մարկ Մարատ Հայը։ Նա կարևորել է բժիշկների անձնվեր առաքելությունը մարդկության կյանքում և բարձր գնահատել նմանատիպ նախաձեռնությունների դերը։
Արարողության ժամանակ առաջին մրցանակը շնորհվել է Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանին։ 2022 թվականին միանալով ասոցիացիային՝ նրա գործունեությունը ժամանակի ընթացքում վերածվել է մեծ պատասխանատվության, նվիրումի և կազմակերպչական մեծ աշխատանքի։ Ակտիվորեն ներգրավվելով բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման գործընթացում՝ նա իր անջնջելի և կարևոր ներդրումն է ունեցել հայրենական բժշկակրթական նախագծերի կյանքի կոչման գործում։
«Հայ անվանի բժիշկ և երիտասարդ բուժաշխատող» մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր մրցանակակիր ստացել է պատվոգիր և մրցանակ բոլորովին անհատական անվանակարգերում. կազմակերպչական ոլորտում և նորարարություններում իրենց խոսքն են ասել և պարգևատրվել են Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Մերի Ղազարյանը, «Շենգավիթ» ԲԿ շտապօգնության ծառայության ղեկավար Արթուր Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա ԱԿ տնօրեն Կամսար Բաբինյանը, «Սմարթ մեդ» կենտրոնի հիմնադիր Մեսրոպ Մանասյանը, ինչպես նաև Դուբայից հատուկ միջոցառմանը ժամանած H2M Healed Consultancies-ի հիմնադիր Ավետիս Մուրադյանը։
Նեղ մասնագիտական և կանխարգելիչ բժշկության առաջատարներից մեծարվել են համաճարակաբան Մելինե Հովսեփյանը, վարակաբան Կարինե Հովհաննիսյանը, անվանի լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ինտերվենցիոն սրտաբան Խաչիկ Համբարձումյանը, կրծքային վիրաբույժ Նարեկ Մարտիրոսյանը, վնասվածքաբան-օրթոպեդ Հարություն Շախուլյանը, ալերգոլոգ, իմունոլոգ Մարգարիտա Հովնանյանը և նյարդաբան Էսթեր Սարգսյանը։
Վիրաբուժության, ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ուղղություններով լավագույնների շարքում են եղել դիմածնոտային վիրաբույժներ Զորայր Սինոյանն ու Մելիքսեթ Հովսեփյանը, պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը, ստոմատոլոգներ Համլետ Մանասյանը, Նոննա Գաբրիելյանը, Արմեն Հարությունյանն ու Արա Հովհաննիսյանը, «Արմավիդենտ» կլինիկան, ինչպես նաև էսթետիկ բժշկության մասնագետներ Վարդուհի Եվրիյանը, Զարուհի Մաթևոսյանը և Սաթիկ Մարտիրոսյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



