Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները:
«Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։
Այսօր արդեն կարող ենք ամփոփել «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները։
Ընդհանուր առմամբ ստացվել էր 1,141 հայտ։ Դրանց ուսումնասիրության, հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքում Կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու՝ 29 երկրից։
Ընտրված թեկնածուների միջին տարիքը 33,3 է, կանայք կազմում են 42 տոկոսը։
Առկա տվյալներով՝ թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, իսկ 7 տոկոսը՝ հայկական ծագում չունեցող մասնագետներ են։ Այսինքն՝ ծրագրին միացել են ոչ միայն սփյուռքի մեր հայրենակիցները, այլև Հայաստանի հետ մասնագիտական համագործակցությամբ հետաքրքրված օտարերկրյա մասնագետներ։
Այս պահի դրությամբ ավելի քան 30 թեկնածուի վերաբերյալ ընդունվել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդեն նշանակվել են բարձր պետական պաշտոններում, այդ թվում՝ փոխնախարարներ, կոմիտեների ղեկավարներ և այլ բարձր պատասխանատվության պաշտոններ։
Կառավարությունում արդեն գործում է փակ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով նախարարություններն ու պետական այլ մարմինները կարող են ուսումնասիրել թեկնածուների մասնագիտական պրոֆիլները և իրենց կարիքներին համապատասխան մասնագետների հետ անմիջապես կապ հաստատել։
Կադրային բանկը շարունակելու է գործել և համալրվել։
Ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։
Շնորհակալ եմ ծրագրին դիմած բոլոր 1141 մասնակիցներին՝ նախաձեռնության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և վստահության համար»,- գրել է Փաշինյանը:



