Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգի իշխանությունները հոկտեմբերի 1-ից կչեղարկեն կորոնավիրուսի տարածման դեմ սահմանված սահմանափակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սանկտ Պետերբուրգի կառավարությունը։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր պետական սանիտարական բժշկի կարգադրության հիման վրա։
«2026 թվականի հոկտեմբերի 1-ից չեղարկվում են 2020 թվականի մարտի 13-ի՝ «Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսային նոր վարակի տարածմանը հակազդելու միջոցառումների մասին» թիվ 121 որոշումը և դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտերը»,- ասված է քաղաքի կառավարության հաղորդագրության մեջ։
Թիվ 121 որոշմամբ, մասնավորապես, արգելվում էր ավելի քան 300 մասնակցով հանրային միջոցառումների անցկացումն առանց քաղաքային իշխանությունների համաձայնության։ Կազմակերպիչներից պահանջվում էր նաև ապահովել անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և հակահամաճարակային անվտանգության այլ միջոցներ։
Փաստաթղթով սահմանված էր նաև հասարակական վայրերում նարգիլե օգտագործելու արգելք, իսկ 60 տարեկանից բարձր քաղաքացիներին խորհուրդ էր տրվում անհատական պաշտպանության միջոցներ կրել։ Հոկտեմբերի 1-ից այդ կարգավորումները ևս ուժը կկորցնեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



