Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից
ԼԱՅՖՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) և Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները փոքր սարք են ստեղծել, որը հնարավորություն է տալիս հյուսվածքի կոնկրետ հատվածներից կենդանի բջիջներ վերցնել։ Ակնկալվում է, որ ապագայում այս տեխնոլոգիան կօգնի ավելի վաղ փուլում հայտնաբերել ձվարանների քաղցկեղը, ուսումնասիրել ուռուցքի զարգացումն ու յուրաքանչյուր պացիենտի համար անհատական բուժում ընտրել։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Device ամսագրում։
Ձվարանների քաղցկեղի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ ուշ ախտորոշումը։ Եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլում, ապա հինգ տարվա ապրելիության ցուցանիշը կարող է գերազանցել 90 տոկոսը։ Մինչդեռ III կամ IV փուլերում ախտորոշելու դեպքում այս ցուցանիշը 50 տոկոսից էլ ցածր է լինում։
Մոտ 20 տարի առաջ գիտնականները պարզել են, որ բարձր չարորակության սերոզ քաղցկեղի՝ այս հիվանդության ամենատարածված տեսակի դեպքերի մեծ մասը սկիզբ է առնում արգանդափողերում։ Սակայն այնտեղ վաղ ախտաբանական փոփոխությունները հայտնաբերելը բարդ է. նախաքաղցկեղային օջախները կարող են միկրոսկոպիկ լինել, իսկ դրանցից հետազոտման համար նյութ վերցնելը հեշտ գործ չէ։
Նոր սարքը ստեղծել է MIT-ի մեքենաշինության պրոֆեսոր Կրիպա Վարանասիի գլխավորած խումբը՝ Ջոնս Հոփքինսի համալսարանի գործընկերների հետ համատեղ։ Այն 3D տպիչով պատրաստված միկրոֆլյուիդային սարք է, որը տեղադրվում է անմիջապես հյուսվածքի մակերեսին։
Սարքը վակուումի միջոցով հերմետիկ հպվում է հյուսվածքին, ինչից հետո փոքրիկ խողովակով հեղուկ է բաց թողնվում։ Հոսքը նպատակային մեխանիկական ազդեցություն է ունենում մակերեսի վրա՝ թույլ տալով հյուսվածքի փոքր հատվածից զգուշորեն առանձնացնել կենդանի բջիջները՝ առանց վնասելու շրջակա հյուսվածքները։
Մասնագետներն այս տեխնոլոգիան փորձարկել են մարդու հեռացված արգանդափողերի վրա։ Ստացված բջիջները պահպանել են կենսունակությունն ու լաբորատոր պայմաններում շատ ավելի լավ են բազմացել, քան ավանդական եղանակներով վերցված նմուշները։ Գիտնականներին հաջողվել է նաև դրանցից օրգանոիդներ աճեցնել՝ եռաչափ բջջային մոդելներ, որոնք կարելի է օգտագործել հիվանդությունների ուսումնասիրման և դեղամիջոցների փորձարկման համար։
Սովորական ախտաբանաձևաբանական ախտորոշումն այլ կերպ է արվում։ Հեռացված հյուսվածքը դրվում է պահպանող լուծույթի մեջ, այնուհետև բարակ շերտերի է բաժանվում ու հետազոտվում մանրադիտակով։ Այս գործընթացը թույլ է տալիս գնահատել բջիջների կառուցվածքը, սակայն դրանք այլևս կենդանի չեն մնում, ուստի անհնար է լինում օգտագործել լաբորատոր բազմացման համար։
Հեղինակների կարծիքով՝ նախ կասկածելի հատվածը հայտնաբերելու, իսկ հետո այնտեղից կենդանի բջիջներ վերցնելու հնարավորությունը կարող է էապես ընդլայնել հետազոտությունների շրջանակը։ Օրինակ՝ նման բջիջները կարելի է օգտագործել ուռուցքի զարգացման հետ կապված ամենավաղ փոփոխությունները հասկանալու, օրգանոիդներ ստեղծելու և տարբեր դեղամիջոցների նկատմամբ ուռուցքային բջիջների արձագանքը ստուգելու համար։
Հետազոտողները պարզել են, որ հեղուկի ճնշման ուժը կարելի է կարգավորել՝ կախված բջիջների տեսակից։ Ուստի նրանք կարծում են, որ տեխնոլոգիան կարող է կիրառվել ոչ միայն ձվարանների քաղցկեղի, այլև այլ ուռուցքների դեպքում։
Սկզբնական շրջանում գիտնականները նախատեսում են սարքն օգտագործել արդեն իսկ հեռացված հյուսվածքների հետազոտման համար. նրանց խոսքով՝ բժշկական կանոնակարգումների տեսանկյունից այս մոտեցումն ավելի հեշտ կլինի: Հետագայում հույս ունեն տեխնոլոգիան հարմարեցնել այնպես, որ բջիջները վերցվեն անմիջապես օրգանիզմից, ինչը կարող է վաղ ախտորոշման բոլորովին նոր հեռանկարներ բացել։



