Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1220-Լ որոշման մեջ։ Հողատարածքների միավորման ծրագրի մեկնարկից մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունը ստացել է ծրագրին մասնակցության 28 հայտ։ Նշված շահառուների հետ կնքվել են փոխհատուցման տրամադրման պայմանագրեր, սակայն նրանցից 15-ի հետ պայմանագրերը լուծվել են իրենց դիմումների համաձայն, կամ ծրագրի պահանջները խախտելու ու ծրագրով սահմանված ժամկետում կոնսոլիդացում չիրականացնելու պատճառով։ Ծրագրի երկարաձգման արդյունքում մեկ շահառու ստացել է 11մլն 103 462 դրամ փոխհատուցում՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրում 5,94 հա (16 կտորից) ընդհանուր մակերեսով հողատարածք միավորելու համար։ Եվս մեկ շահառու դիմել է փոխհատուցում ստանալու համար Արարատի մարզի Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում 4,26 հա (5 կտորից) ընդհանուր մակերեսով հողատարածք միավորելու նպատակով, որի փոխհատուցման գումարը կկազմի 17 մլն 439 437 դրամ։
Ներկայում շահառուների փոխհատուցումը հաշվարկվում է կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով, որը հանրապետության շատ տարածքներում էապես զիջում է իրական շուկայական գներին՝ շահառուի վրա թողնելով ֆինանսական բեռի մեծ մասը։ Բացի այդ, տարբեր պատճառներով, այդ թվում՝ հողերի միավորման ծրագրի մասին տեղեկանալով, հարակից հողակտորների սեփականատերերը հաճախ արհեստականորեն բարձրացնում են հողի շուկայական գները, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է ծրագրի առաջընթացին։ Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 մլն 293 հազար դրամ:
Ներկայացված փոփոխությունների հիմնական նպատակն է պետական աջակցության մասնաբաժնի ավելացմամբ և որոշ պահանջների մեղմացմամբ բարձրացնել ծրագրի գրավչությունն ու արդյունավետությունը, նվազեցնել շահառուների ֆինանսական բեռն ու ներդրումային ռիսկերը, ինչպես նաև ապահովել ծրագրի շարունակականությունը երկարաժամկետ հատվածում։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքի փոխհատուցման չափը 50 տոկոսից բարձրացնել 70 տոկոսի, ինչը լրացուցիչ խթան կդառնա ֆերմերների համար՝ հարակից մասնատված հողակտորները գնելու և խոշոր հողատարածքներ ձևավորելու համար։ Հողերի կոնսոլիդացիայի գործընթացը խթանելու, ինչպես նաև հողային շուկան զարգացնելու նպատակով՝ պայմանագրի գործողության ընթացքում հողամասը նպատակային օգտագործելու, գյուղատնտեսական մշակաբույսերով մշակելու և չմասնատելու պահանջի ժամկետը հինգ տարուց կրճատվել է՝ դառնալով երեք տարի:
Նախագծի ընդունմամբ 2026 և 2027թթ. պետբյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը կիրականացվի էկոնոմիկայի նախարարությանը 2026 և 2027 թվականի համար պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար, կախված ստացված դիմումներից, անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի բյուջետային հայտի շրջանակում։ Մասնավորապես, ծրագրի շրջանակում թիրախային ցուցանիշ է սահմանվել 400 հա հողատարածքի միավորումը՝ միջին կադաստրային արժեքով հաշվարկված 70 տոկոս փոխհատուցման պարագայում աջակցության ընդհանուր գումարը կկազմի մոտ 642 մլն դրամ: Քանի որ հողերի միավորման համար ծրագրով սահմանված է երկու տարվա ժամկետ, կանխատեսվում է, որ այս միջոցները հիմնականում անհրաժեշտ կլինեն 2028 թվականից, ուստի ֆինանսավորման հայտերը կներկայացվեն՝ ըստ փաստացի ծախսերի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



