Կբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարածական տվյալների ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է պետական կառավարման համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացման համար: Ներկայումս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների, լիցենզիաների և այլ ակտերի տվյալները պահվում են տարբեր գերատեսչական բազաներում, չունեն միասնական ձևաչափ և հաճախ չեն պարունակում տարածական բաղադրիչ:
Դա խոչընդոտում է միջգերատեսչական համագործակցությանը, դժվարացնում է ռեսուրսների կառավարումը և հանգեցնում կրկնվող կամ հակասական որոշումների կայացմանը: Առաջարկվող լրացումը ստեղծում է իրավական հիմք բոլոր պետական լիցենզիաների, թույլտվությունների և այլ ակտերի տարածական տվյալների միասնական, ստանդարտացված շերտերի ստեղծման համար: Այն կնպաստի նաև քաղաքաշինական, բնապահպանական և այլ ծրագրերի պլանավորման որակի բարելավմանը։ Կարգավորմամբ սահմանվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից տրամադրվող թույլտվությունների, լիցենզիաների և գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող այլ ակտերի թեմատիկ տարածական տվյալների շերտերը, վերջիններիս համապատասխան հատկանիշային տվյալները:



