Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի մարզում 65-ամյա տղամարդը կասկածվում է ամուսնական զույգի սպանության մեջ։ Տարածաշրջանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի վերջին՝ Իստրա քաղաքային շրջանի Լոբանովո գյուղում։
Քննիչների նախնական տվյալներով՝ տղամարդը ատրճանակով կրակել է ամուսնական զույգի վրա։ Այնուհետև, ըստ քննության վարկածի, փորձել է թաքցնել հանցագործության հետքերը՝ մասնատելով զոհերի մարմինները և դրանք թաղելով իր տան տարածքում։
Զույգի անհետացումը նկատել են նրանց հարազատները, որոնք դիմել են իրավապահներին։ Քննության ընթացքում պարզվել է, որ անհետացած ամուսինները եղել են կասկածյալի տանը։
Տղամարդու բնակության վայրում իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են սպանվածների մնացորդները։
Հարցաքննության ընթացքում կասկածյալը, ըստ Քննչական կոմիտեի, խոստովանել է կատարածը։ Նա հայտնել է, որ հանցագործության պատճառը եղել են պարտքային խնդիրներն ու հողամասի բաժանման շուրջ առաջացած վեճը։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում շարունակվում է քննությունը։ Իրավապահները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները։
Past.am-ը հետևում է գործի հետագա զարգացումներին։



