Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայում այս տարվա անտառային հրդեհների հետևանքով արդեն այրվել է շուրջ 576 հազար հեկտար տարածք՝ Լյուքսեմբուրգի մակերեսից ավելի քան երկու անգամ մեծ տարածք։ Այս մասին վկայում են Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի՝ EFFIS-ի տվյալները, գրում է Reuters-ը։
Ամռան ընթացքում հրդեհներ են տարածվել Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Բելգիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում։ Հաջորդական շոգի ալիքներն ու երկարատև երաշտը չորացրել են բուսականությունը՝ նպաստելով կրակի արագ տարածմանը։
Հրդեհների հետևանքով Եվրոպայում զոհվել է ավելի քան 20 մարդ, իսկ հարյուր հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Մի շարք երկրներ ստիպված են եղել նաև միջազգային օգնություն խնդրել հրդեհաշիջման աշխատանքների համար։
Բելգիայում, օրինակ, Հոհե Ֆեն բնական տարածքում բռնկված հրդեհը դարձել է երկրի պատմության խոշորագույններից մեկը՝ ընդգրկելով մոտ 30 քառակուսի կիլոմետր տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են շուրջ 500 հրշեջներ և այլ եվրոպական երկրներից ուղարկված օդային միջոցներ։
Մասնագետները Եվրոպայում հրդեհների աճող վտանգը կապում են նաև ավելի հաճախակի և երկարատև շոգի ալիքների հետ, որոնք ուժեղացնում են երաշտը և մեծացնում հրդեհների տարածման հավանականությունը։
Աղբյուր՝ Reuters
Հետևեք մեզ՝ այստեղ



