Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն երկրները, որոնք կարողանում են իրենց կողմից վարվող քաղաքականության միջոցով զարգացնել զբոսաշրջությունը, ոչ միայն մեծացնում են տնտեսական եկամուտները, այլև ձևավորում են իրենց դրական կերպարը աշխարհում, ամրապնդում մշակութային ազդեցությունը և ստեղծում նոր աշխատատեղեր։

Այս տեսանկյունից Հայաստանը ունի հսկայական ներուժ, սակայն այդ ներուժի լիարժեք օգտագործման համար ոլորտը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն, համակարգային մոտեցում և երկարաժամկետ ռազմավարություն։ Միայն բնական և պատմական առավելությունները բավարար չեն զբոսաշրջային հաջողություն ապահովելու համար։ Ժամանակակից զբոսաշրջիկը գնահատում է ոչ միայն տեսարժան վայրերը, այլև ամբողջական փորձառությունը՝ սկսած օդանավակայանից մինչև հյուրանոց, սպասարկում, անվտանգություն, մաքրություն, գներ և մարդկանց վերաբերմունք։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սպասարկման մշակույթը և ծառայությունների որակը։ Զբոսաշրջիկը երկրի մասին առաջին հերթին դատողություն է կազմում այն մարդկանց միջոցով, որոնց հետ շփվում է։ Նույնիսկ ամենագեղեցիկ բնությունը կամ ամենահին պատմական հուշարձանը չեն կարող ամբողջությամբ փոխհատուցել ցածր մակարդակի սպասարկումը։ Եթե այցելուն բախվում է անտարբեր վերաբերմունքի, լեզվական խնդիրների, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի կամ ծառայությունների անհամապատասխան որակի, ապա այդ փորձառությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ընկալման վրա։

Սպասարկման ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն մասնագիտական վերապատրաստումներ, այլև ընդհանուր մոտեցման փոփոխություն։ Զբոսաշրջիկը պետք է ընկալվի ոչ թե որպես ժամանակավոր եկամտի աղբյուր, այլ որպես երկրի նկատմամբ վստահություն ձևավորող մարդ, որը կարող է հետագայում կրկին այցելել, իր շրջապատին խորհուրդ տալ այցելել Հայաստան և նպաստել երկրի հեղինակության բարձրացմանը։

Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել իրավիճակների, երբ ծառայությունների գները չեն համապատասխանում դրանց որակին։ Սա լուրջ խնդիր է, քանի որ զբոսաշրջային շուկայում գնի և արժեքի հարաբերակցությունը կարևորագույն գործոններից մեկն է։ Զբոսաշրջիկը կարող է պատրաստ լինել վճարելու բարձր գին համապատասխան «պրոդուկտի» դիմաց, այսինքն՝ եթե ստանում է համապատասխան մակարդակի ծառայություն, սակայն անհիմն բարձր գները ստեղծում են բացասական տպավորություն և ձևավորում այն ընկալումը, թե երկրում փորձում են ցանկացած գնով գումար վերցնել այցելուներից։ Այստեղ իմիջիայլոց նշենք, որ նույնը վերաբերում է ներքին տուրիզմին, այսինքն՝ հայաստանցիները, բախվելով չարդարացված բարձր գների, ընտրում է զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ, մի խոսքով՝ հանգստանում է «դրսում»:

Ընդ որում, գնային քաղաքականության խնդիրը վերաբերում է ոչ միայն հյուրանոցներին, հյուրատներին, մի խոսքով՝ կեցավայրերին։ Տարբեր ոլորտներում՝ սննդի, տրանսպորտի, ժամանցի, երբեմն նկատվում են անհամաչափ գներ, որոնք չեն համապատասխանում շուկայի իրական պայմաններին ու «պրոդուկտին»։

Զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն նախապայման է նաև կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրը։ Տուրիզմի ոլորտը հիմնականում հիմնված է մասնավոր նախաձեռնությունների վրա՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրօպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, փոքր և միջին ձեռնարկություններ։

Եթե այդ բիզնեսները բախվում են քաղաքական ճնշումների, ընտրովի մոտեցումների, ավելորդ վարչարարության կամ անկանխատեսելի պետական միջամտությունների, ապա առաջին հերթին տուժում է հենց զբոսաշրջային ոլորտը։ Բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն օրենքի, սեփականության իրավունքի և հավասար մրցակցության նկատմամբ։ Եթե ձեռնարկատերը մշտապես մտահոգված է ոչ թե ծառայության որակի բարելավմամբ, այլ հնարավոր վարչական խնդիրներով կամ քաղաքական ռիսկերով, ապա դա բացասաբար է անդրադառնում ներդրումների և զարգացման վրա։

Զբոսաշրջության ոլորտը հատկապես զգայուն է նման խնդիրների նկատմամբ, քանի որ այստեղ հաճախ անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ հյուրանոցների, հյուրատների կառուցում, նոր ծառայությունների ստեղծում, տարածաշրջանային ծրագրերի իրականացում։ Առանց կայունության և վստահության դժվար է ձևավորել մրցունակ զբոսաշրջային համակարգ։

Մյուս կարևոր ուղղությունը Հայաստանի ճիշտ ներկայացումն է աշխարհին։ Այստեղ մենք գլոբալ բաց ու խնդիր ունենք: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող պետություն, որն ունի ոչ միայն անցյալ, այլև հետաքրքիր ու բազմաբովանդակ այսօր։ Սակայն երկրի միջազգային ներկայացումը չի կարող սահմանափակվել միայն գովազդային արշավներով, չնայած դա էլ չենք կարողանում անել պատշաճ մակարդակով։ Այդ առումով կարելի է շատ հեռու չգնալ ու տեսնել հարևան Վրաստանի օրինակը: Մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերը, բնությունը ոչ միայն չեն զիջում Վրաստանին, այլև շատ դեպքերում օբյեկտիվորեն գերազանցում են, սակայն հարևանները կարողացել են տասնամյակներ շարունակ իրենց PR-ը ճիշտ կազմակերպել, ինչի արդյունքում անհամեմատ մեծ զբոսաշրջային հոսքեր են ունենում (հատուկ շեշտենք՝ խոսքը ծով ունենալու և ծովափնյա տարածքների, ծովային սեզոնի մասին չէ): Ինչևէ, գովազդային գրագետ ու կազմակերպված, համակարգային արշավներից զատ անհրաժեշտ է իրականում պահպանել և զարգացնել այն արժեքները, որոնք ցանկանում ենք ներկայացնել։ Վերջին տարիներին հաճախ շեշտվում է ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես ճանապարհաշինությունը։ Անկասկած, լավ ճանապարհները կարևոր են զբոսաշրջության համար, սակայն միայն ճանապարհների կառուցումը բավարար չէ։ Եթե ճանապարհը տանում է դեպի պատմական հուշարձան, որը գտնվում է վատ վիճակում, եթե շրջակայքը բարեկարգված չէ, եթե այցելուն չունի անհրաժեշտ տեղեկություն, ապա ճանապարհի առկայությունն ինքնին չի ստեղծում զբոսաշրջային արժեք։ Հայաստանի բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ և պատմական վայրեր ունեն համաշխարհային նշանակության ներուժ, սակայն դրանց պահպանության, վերականգնման և ներկայացման ուղղությամբ դեռևս անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք։ Պատմամշակութային ժառանգությունը պարզապես անցյալի հիշողություն չէ. այն երկրի տնտեսական և մշակութային կապիտալն է։ Ճիշտ կառավարման դեպքում այն կարող է դառնալ համայնքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանների ակտիվացման կարևոր աղբյուր։

Այս ամենին գումարած՝ Հայաստանն ունի բացառիկ այլ առավելություններ, որոնք դեռևս լիարժեք չեն օգտագործվում։ Դրանցից ամենակարևորներից մեկը հայկական խոհանոցն ու գյուղատնտեսական արտադրանքն են։ Հայկական մրգերն ու բանջարեղենը, տեղական արտադրանքը, ավանդական ուտեստները կարող են դառնալ երկրի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Շատ երկրներում սնունդը դարձել է զբոսաշրջության առանձին ուղղություն, երբ այցելուները գալիս են ոչ միայն տեսարժան վայրերի, այլև տեղական համերի, ավանդույթների և գյուղական փորձառության համար։

Հայաստանը կարող է ավելի ակտիվորեն ներկայացնել իր գյուղմթերքը, կազմակերպել գյուղական զբոսաշրջության ծրագրեր, այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու տեղական արտադրությանը, մասնակցելու ավանդական պատրաստման գործընթացներին և զգալու հայկական հյուրընկալության յուրահատկությունը։ Սա կարող է հատկապես կարևոր դեր ունենալ մարզերի զարգացման համար՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ համայնքների համար։

Մյուս կողմից՝ շատ կարևոր են գաստրոնոմիական նորարարությունները, այն է՝ դուրս գալ դոգմատիկ, քարացած կաղապարներից ու ավանդական հայկական խոհանոցը մատուցել նորովի, որոշակի՝ դարձյալ հայկական խոհանոցին բոնորոշ հավելումներով, փոփոխություններով: Հայկական հյուրընկալությունը պատմականորեն համարվում է երկրի ուժեղ կողմերից մեկը։ Սակայն այն պետք է վերածել համակարգված զբոսաշրջային առավելության։ Հյուրասիրությունը միայն բարեհամբույր վերաբերմունք չէ, այլ ամբողջական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր շփում և յուրաքանչյուր միջավայր նպաստում է դրական փորձառության ձևավորմանը։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Մի կողմից՝ երկիրը ունի բոլոր նախադրյալները դառնալու տարածաշրջանի գրավիչ զբոսաշրջային կենտրոններից մեկը, մյուս կողմից էլ՝ եթե չլուծվեն սպասարկման որակի, գների, բիզնես միջավայրի, մշակութային ժառանգության պահպանության, մաքրության և քաղաքային կառավարման խնդիրները, ապա այդ ներուժը կարող է չիրացվել։

Զբոսաշրջությունը չի զարգանում միայն թվերով և վիճակագրությամբ։ Կարևոր չէ միայն այն, թե քանի մարդ է գալիս Հայաստան, այլ նաև այն, թե ինչ տպավորությամբ են նրանք հեռանում։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանի մասին ձևավորում է իր կարծիքը՝ հիմնվելով իր ամբողջ փորձառության վրա։ Այդ կարծիքները հետագայում տարածվում են աշխարհում և դառնում երկրի միջազգային հեղինակության մասը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն