ԱԺ փոխնախագահները դպրոցականներին նվիրել են Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ այդ օրը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ օրն անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ: Օրվա տոնական ավանդույթներից մեկը միմյանց հետաքրքիր գիրք նվիրելն է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գեղեցիկ այս օրը հիշարժան դարձնելու համար Ազգային ժողով էին այցելել Երեւանի մի շարք դպրոցների բարձր դասարանցիներ, որոնց հետ հանդիպել են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը: Ինչպես իր խոսքում նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, աշակերտների ցանկությունն է եղել այցելել Ազգային ժողով եւ հետեւել օրվա խորհրդին՝ գիրք նվիրել:
ԱԺ փոխնախագահները հորդորել են երեխաներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, շատ կարդալ եւ զինվել գիտելիքներով:
Համազգային տոն դարձած օրվան համահունչ՝ ԱԺ փոխնախագահները դպրոցականներին նվիրել են հայ մեծ բանաստեղծ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը եւ այլ արժեքավոր գրքեր: Հերմինե Նաղդալյանը եւ Էդուարդ Շարմազանովը հույս են հայտնել, որ «Նարեկը» նրանց համար ուղեցույց կդառնա կյանքում: Աշակերտները եւս հայ եւ արտասահմանյան գրողների գործեր են նվիրել ԱԺ փոխնախագահներին:
Տպավորիչ հանդիպումն ավարտվել է խորհրդանշական լուսանկարմամբ:



