Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզում կառուցվող և Իրանի սահման տանող նոր ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2027 թվականին: Sputnik Արմենիային այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Խոսքը Քաջարան-Ագարակ 32–կիլոմետրանոց հատվածի մասին է, որը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը։
«Ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ փուլում է։ Իրականացվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Աշխատանքներ են տարվում հողային պաստառի, թունելների, կամուրջների, արհեստական կառույցների կառուցման ուղղությամբ»,– հայտնել են հիմնադրամից:
Ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո Քաջարանից Ագարակ հեռավորությունը կմնա գրեթե նույնը, սակայն հաշվի առնելով, որ բարելավվելու են ճանապարհի պարամետրերը, ճանապարհը շրջանցելու է բնակավայրերը, կառուցվելու են կամուրջներ ու թունելներ, հնարավոր կլինի կրճատել երթևեկության ժամանակը, երթևեկը դարձնել առավել անվտանգ։
Նախագծի գործարկումից հետո կանխատեսվում է, որ ճանապարհի թողունակությունն ավելի քան կրկնակի կամ մոտ 108%–ով կաճի 15 տարվա ընթացքում։
Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։ Ըստ նախագծի՝ շինարարության համար նախատեսված է 6 տարի։
Հետևեք մեզ՝ այստեղ



