Հայ իրավաբանական միությունը կաջակցի Սիրիահայերի օգնության հիմնադրամին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Հայ իրավաբանական միությունը 10 հազար դոլար կփոխանցի Սիրիահայերի օգնության հիմնադրամին (SARF) սիրիահայերի կենսական պայմանները բարելավելու նպատակով: Գումարը կհատկացվի հիմնադրամի` փետրվարի 21-ին Միացյալ Նահանգներում կայանալիք «Փրկիր կյանք» բարեգործական հեռախոսամարաթոնի ընթացքում: Վկայակոչելով «Ասպարեզ»-ը:
Սիրիայում արդեն հինգ տարի ընթացող քաղաքացիական պատերազմի արդյունքում երկրում հումանիտար աղետ է. բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների վնասման ու առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի հետևանքով ծայրահեղ վատթարացել են բնակչության, այդ թվում նաև` Սիրիայում բնակվող հայերի կենսապայմանները: Դա նկատի առնելով` Սիրիահայերի օգնության հիմնադրամը սիրիահայ համայնքին առաջին անհրաժեշտության օգնություն կցուցաբերի` ջուր, սնունդ և բժշկական օգնություն:
ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանական միությունը հիմնադրումից ի վեր (1989թ.) ներգրավված է Հայաստանում և սփյուռքի հայ համայնքներում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ու բարելավման գործում: «Միությունը վճռականորեն է տրամադրված ծանր իրավիճակում գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու հարցում»,- ընդգծել է Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Սարո Քերքոնյանը:



