Ապրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Past.am-ը տեղեկացավ, որ ժամը 23։45-ի սահմաններում Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, ըստ որի՝ բնակիչներից մեկի հարևանը զենքով հարձակվել է նրա տան վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ միջադեպը նախորդել է վիճաբանությանը։
Past.am-ի տեղեկություններով, նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն այցելել է իր հարևան՝ 49-ամյա Ասատուր Հ․-ին։ Նրանց միջև գումարային հարցի շուրջ ծագել է վեճ, որի ընթացքում կողմերը փոխադարձաբար հրել են միմյանց։ Ըստ նախնական տվյալների՝ Ասատուր Հ․-ն պլաստմասե տուփով հարվածել է Արմեն Մ․-ի գլխին, այնուհետև նույն տուփից հանել է ատրճանակ և սպառնացել նրան։
Նշվում է, որ Արմեն Մ․-ն կարողացել է վերցնել ատրճանակը և հեռանալ դեպքի վայրից։
Ապրիլի 17-ին՝ արդեն կեսգիշերից հետո, ոստիկանության ծառայողները Ասատուր Հ․-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Շենգավիթի բաժին՝ նրան հոգեկան ներգործության ենթարկելու կասկածով։
Արմեն Մ․-ն ներկայացրել է նաև միջադեպում օգտագործված ատրճանակը։
Դեպքի առթիվ ոստիկանությունում կազմվել են համապատասխան նյութեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։ Հանգամանքները պարզվում են։