Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՆսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում։ Այս մասին ԱԺ շենքի դիմաց հրատապ ասուլիսում հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններով սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։
Արամ Վարդևանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ օրենքի նախագծում անցումային դրույթով արձանագրվել է, որ այս փաթեթն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես, մինչդեռ, նման ձևակերպումն օգտագործվում է արտակարգ դրության, ռազմական դրության հայտարարման, նման արհավիրքների դեպքում, այսինքն՝ Սամվել Կարապետյանի անունն իրենց համար կարելի է նման անալոգիայով անցկացնել։ Անդրադառնալով լեգիտիմությանը՝ Վարդևանյանը նշեց, որ մարդիկ ուղիղ ասում են, թե ինչի համար են անում, չեն էլ թաքցնում, ունեն սահմանադրական օրենք փոփոխելու անհրաժեշտ ձայներ՝ անում են, իսկ այդ ամենի հակազդող գործիքը ժողովրդավարությունն է։



