ԵԱՀԿ գործող նախագահը ԼՂ հակամարտությունը «սառեցված» չի համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ-ին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության լարվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Interfax-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ինտենսիվացման օգտին: Այս հարցում կարևոր քայլ կլիներ հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտող մեխանիզմների ստեղծումը»,- ասել է Շտայնմայերը:
Նա դեմ է արտահայտվել այն մտքին, թե Լեռնային Ղարաբաղի կամ մերձդնեստրյան հակամարտությունները «սառեցված» են: «Տարեցտարի դրանց պատճառով տուժում են մարդիկ, դանդաղում է տարածաշրջանների զարգացումը: Փոքր, բայց հստակ քայլերով մենք ծրագրում ենք կայունացնել հրադադարի ռեժիմը, ուժեղացնել վստահությունը և թեթևացնել այդ շրջանների բնակիչների կյանքը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:



