Գեղարքունիքի Զոլաքար եւ Այրք գյուղերում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Զոլաքար եւ Այրք գյուղերում 2016 թվականի ապրիլի 17-ին նշանակվել են համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, երկու համայնքներում էլ տեղի են ունենալու հերթական ընտրությունները, որոնք անցկացվելու են ներկայում գործող ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով:
«Քանի դեռ ուժի մեջ չի մտել եւ մշակման փուլում է գտնվում ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են գործող Ընտրական օրենսգրքի շրջանակում, ինչից հետեւում է, որ Զոլաքարում եւ Այրքում նշանակված ընտրությունները տեղի են ունենալու Ընտրական գործող օրենսգրքով, իսկ համայնքների ղեկավարներն ընտրվում են 4 տարի ժամկետով»,-տեղեկացրեցԳեղարքունիքի մարզի թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից ստացված տվյալներով՝ այս տարվա աշնանը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կկայանան մարզի բոլոր 5 քաղաքային եւ հինգ տասնյակին մոտ գյուղական համայնքներում:



