Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պետական տարբեր մակարդակներում ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև հայ և վրաց ժողովուրդների դարերի պատմություն ունեցող կապերին: Խոսվել է նաև Հայոց և Վրաց եկեղեցիների հարաբերությունների և վիրահայության հոգևոր-եկեղեցական կյանքում առկա խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին, հաջողություն մաղթելով դեսպանին հետագա ծառայության ընթացքում, Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ վերջինս կշարունակի իր աջակցությունը բերել հայ-վրացական կապերի առավել զորացմանը:



