Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, համախառն ներքին արդյունքի մեջ ծառայությունների մեծ բաժնի ազդեցությունը, սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման արդյունքում սպառման ընդլայնումը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները գնաճի և մակրոտնտեսական կայունության համար։ Ահա, այս ամենին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանը՝ «Փաստ» թերթի համար գրված վերլուծական հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև:

Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության շուրջ քննարկումների կենտրոնում հիմնականում հայտնվում են տնտեսական աճի բարձր ցուցանիշները։ Սակայն տնտեսագիտության մեջ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի չափը, այլ նաև այդ աճի կառուցվածքն ու կայունությունը։ Տնտեսական աճը կարող է լինել արագ, բայց, միևնույն ժամանակ, ունենալ կառուցվածքային խնդիրներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել տնտեսության կայուն զարգացումը։

Եթե դիտարկենք Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ապա կարելի է նկատել մի կարևոր միտում. երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը ձևավորվում է ծառայությունների ոլորտում, և այն շարունակում է աճել։ Առաջին հայացքից սա կարող է բնական թվալ, քանի որ զարգացած տնտեսություններում ևս ծառայությունների բաժինը մեծ է։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ծառայությունների մասին է խոսքը։ Զարգացած տնտեսություններում ծառայությունների մեծ բաժինը պայմանավորված է բարձր արտադրողականությամբ ոլորտներով՝ գիտահետազոտական, տեխնոլոգիական, կրթական, ֆինանսական և մասնագիտական ծառայություններով։ Այդ ծառայությունները ստեղծում են բարձր ավելացված արժեք և նպաստում են տնտեսության երկարաժամկետ մրցունակությանը։ Մինչդեռ Հայաստանի դեպքում ծառայությունների ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է մանրածախ և մեծածախ առևտրի ընդլայնմամբ, շինարարության ակտիվությամբ, անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ, ինչպես նաև ֆինանսական և միջնորդային ծառայությունների աճով։ Այս կառուցվածքում տնտեսության աճը հաճախ պայմանավորված է շրջանառության մեծացմամբ, ոչ թե արտադրական կարողությունների իրական ընդլայնմամբ։

Այս պայմաններում սոցիալական քաղաքականության որոշումները նույնպես սկսում են ունենալ կարևոր, սակայն վտանգավոր, մակրոտնտեսական ազդեցություններ։ Վերջին շրջանում կառավարության սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը դարձել է կենսաթոշակների և սոցիալական վճարումների բարձրացումը։ Սոցիալական տեսանկյունից այս քայլը հասկանալի է և նպատակ ունի բարելավել բնակչության կյանքի մակարդակը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից նման որոշումները պետք է գնահատվեն նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների տեսանկյունից։

Կենսաթոշակների բարձրացումը մեծացնում է բնակչության կողմից տնօրինվող եկամուտները և, բնականաբար, բերում է սպառման աճի։ Սակայն այդ սպառման հիմնական մասն ուղղվում է առևտրի և ծառայությունների ոլորտին։ Արդյունքում մեծանում է մանրածախ առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է ծառայությունների հատվածը և ուժեղանում է ներքին պահանջարկը։ Սա իր հերթին կարող է ավելի խորացնել և ընդլայնել արդեն գոյություն ունեցող կառուցվածքային միտումը, երբ տնտեսության մեջ մեծանում է սպառման և ծառայությունների բաժինը, մինչդեռ արտադրական ոլորտների զարգացումը նույն արագությամբ տեղի չի ունենում։ Ըստ էության, վերջին տարիներին տեղի է ունեցել ՀՆԱ կառուցվածքի որակական վատացում:

Առավել մտահոգիչն այն է, որ կենսաթոշակների բարձրացման որոշումների դեպքում չի ներկայացվել բավարար գնահատում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքականությունն ընթացիկ տարվա գնաճի վրա։ Եթե սպառումն արագ աճում է այնպիսի տնտեսությունում, որտեղ արտադրական առաջարկը սահմանափակ է, ապա առաջանում է պահանջարկի կարճաժամկետ ճնշում գների վրա, իսկ երկարաժամկետում տեղի է ունենում գների ճշգրտում բարձրացման ուղղությամբ։ Սա հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ սպառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է։ Այդ դեպքում սպառման աճը կարող է հանգեցնել ոչ միայն առևտրաշրջանառության մեծացման, այլ նաև գնաճային ճնշումների հետագա ուժեղացման։ Եթե գնաճը արագանում է, ապա առաջանում է մեկ այլ տնտեսական խնդիր՝ իրական սպառման նվազում։ Թվերով և անվանական արտահայտությամբ բնակչության եկամուտները կարող են աճել, սակայն եթե գներն ավելի արագ են բարձրանում, ապա բնակչության իրական գնողունակությունը կարող է նվազել։ Այս պարագայում սոցիալական քաղաքականության հիմնական նպատակը՝ բնակչության բարեկեցության բարձրացումը, կարող է չեզոքացվել գնաճային ազդեցությունների պատճառով։

Այս գործընթացների վրա ազդում են նաև արտաքին տնտեսական գործոնները։ Հայաստանի տնտեսության համար կարևոր դեր են խաղում արտերկրից եկող դրամական փոխանցումները, որոնք երկար տարիներ հանդիսացել են ներքին սպառման կարևոր աղբյուր։ Երբ փոխանցումներն աճում են, մեծանում է նաև սպառումը, և ակտիվանում է ծառայությունների ոլորտը։ Սակայն նման մոդելը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի և կախված արտաքին ֆինանսական հոսքերից։

Միաժամանակ, կարևոր դեր ունի նաև փոխարժեքի գործոնը։ Եթե դրամը ուժեղանում է արտաքին հոսքերի ազդեցությամբ, ապա ներմուծվող ապրանքները ժամանակավորապես կարող են էժանանալ, սակայն դա նաև թուլացնում է տեղական արտադրողների մրցունակությունը և խոչընդոտում արտահանման զարգացումը։ Այսպիսով, տնտեսությունը կարող է ավելի շատ հենվել ներմուծման և սպառման վրա, քան արտադրության և արտահանման։

Այս բոլոր գործընթացները միասին կարող են բերել այնպիսի իրավիճակի, երբ տնտեսության աճը հիմնականում ձևավորվում է սպառման, առևտրի և ծառայությունների ընդլայնման հաշվին։ Ինչպես բազմաթիվ անգամ նշել են մասնագետները, տնտեսագիտության մեջ նման մոդելը հաճախ անվանում են սպառման վրա հիմնված աճ։ Այս մոդելում տնտեսական ակտիվությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ աճում են եկամուտները, սոցիալական վճարումները կամ արտաքին ֆինանսական ներհոսքերը։ Սակայն եթե այդ գործոնները թուլանան, տնտեսական աճը կարող է արագ դանդաղել, քանի որ տնտեսության արտադրական հիմքը բավարար չափով չի ընդլայնվել։

Այս պայմաններում առավել կարևոր է դառնում տնտեսական քաղաքականության հավասարակշռվածությունը։ Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության բարեկեցության բարձրացմանը, սակայն այն պետք է ուղեկցվի նաև արտադրության, արդյունաբերության և արտահանման խթանմամբ։ Հակառակ դեպքում սպառման ընդլայնումը կարող է ժամանակավորապես ակտիվացնել տնտեսությունը, բայց երկարաժամկետ առումով մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը և անհաշվեկշռվածությունը։ Եթե տնտեսական աճը շարունակաբար ձևավորվի հիմնականում ծառայությունների և սպառման հաշվին, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար հեռանալ արտադրական զարգացման ուղուց և վերածվել հիմնականում ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Տնտեսության կայունության համար կարևոր է, որ աճի աղբյուրները լինեն ոչ միայն սպառումը և ծառայությունները, այլև արտադրությունը, տեխնոլոգիական զարգացումը և արտահանման ընդլայնումը։ Միայն այդ դեպքում տնտեսական աճը կարող է լինել ոչ միայն բարձր, այլ նաև երկարաժամկետ և կայուն։

Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի դրամավարկային քաղաքականության արձագանքը նման զարգացումներին։ Սովորաբար, երբ հարկաբյուջետային քաղաքականությունը մեծացնում է ներքին պահանջարկը, օրինակ՝ սոցիալական վճարումների կամ կենսաթոշակների բարձրացման միջոցով, դա կարող է առաջացնել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Նման իրավիճակներում կարևոր դեր է ունենում Կենտրոնական բանկի գնահատականը և մասնագիտական դիրքորոշումը։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական առաքելություններից մեկը գների կայունության ապահովումն է։ Այդ պատճառով միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կենտրոնական բանկերը հաճախ հրապարակային կերպով ներկայացնում են իրենց գնահատականները հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր մակրոտնտեսական հետևանքների վերաբերյալ։ Եթե նման քննարկումները բաց և ինստիտուցիոնալ ձևով տեղի չեն ունենում, ապա կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև բավարար համակարգում չկա։ Մինչդեռ տնտեսական կայունության տեսանկյունից կարևոր է, որ այդ երկու քաղաքականությունները լինեն փոխլրացնող և փոխհամադրված։ Կենտրոնական բանկերի անկախությունը հենց այն պատճառով է կարևոր, որ նրանք կարողանան ազատ և մասնագիտական ձևով գնահատել տնտեսական քաղաքականության տարբեր որոշումների ազդեցությունը գնաճի և մակրոտնտեսական կայունության վրա։

Եթե այդ ինստիտուցիոնալ հավասարակշռությունը թուլանում է, ապա վտանգվում է ոչ միայն դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, այլ նաև տնտեսական համակարգի երկարաժամկետ վստահությունը։ Ստեղծված իրավիճակում գնաճը զսպելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը իր հերթին կարող է անհաշվեկշռվածություն ստեղծել ֆինանսական շուկայում:

Տնտեսագիտական տեսանկյունից այստեղ առաջանում է հակասական իրավիճակ։ Սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման նպատակը բնակչության սպառման հնարավորությունների ընդլայնումն է։ Սակայն, եթե նման քաղաքականությունը իրականացվում է այնպիսի պայմաններում, երբ տնտեսության արտադրական առաջարկը սահմանափակ է և սպառման աճը հիմնականում ուղղվում է ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին, ապա այդ նույն քաղաքականությունը կարող է ստեղծել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Այս դեպքում անվանական եկամուտները աճում են, սակայն գնաճի արագացման դեպքում բնակչության իրական գնողունակությունը նվազում է։

Այդ հակասական իրավիճակը առկա է այնպիսի տնտեսության համար, ինչպիսին է Հայաստանը, որտեղ ներքին սպառման զգալի մասը կախված է ներմուծումներից, արտաքին դրամական փոխանցումներից և փոխարժեքի տատանումներից։ Նման տնտեսություններում պահանջարկի արագ աճը շատ արագ կարող է փոխանցվել գների աճին։ Այդ պատճառով տնտեսական քաղաքականության ձևավորման ժամանակ կարևոր է ոչ միայն սոցիալական նպատակների իրականացումը, այլ նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների ամբողջական գնահատումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այն իրավիճակից, երբ սպառումը խթանելու նպատակով իրականացվող քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հակառակ ազդեցություն ունենալ բնակչության իրական բարեկեցության վրա։ Տնտեսության կայունությունը որոշվում է ոչ թե սպառման արագությամբ, այլ այն հիմքով, որի վրա կառուցվում է այդ սպառումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական