Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Տարածաշրջանային բոլոր երկրների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ»,- Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ է գործընկերայնությունը բացակայում մեր արտաքին քաղաքականության մեջ. «Ի՞նչն է խանգարում մեզ լավ հարաբերւթյուններ ունենալ, լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը, ինչո՞ւ ենք հակադրությունների ճանապարհով գնում, ոչ թե համերաշխության ճանապարհով»։
Ն.Կարապետյանի խոսքով, այս ամենի արդյունքում մեր երկիրը կշահի։
«Դաշնակային, լավ հարաբերություններ ունենալը, ամրապնդելը տարբեր երկրների հետ, մեր երկրի գոյության նախապայմանն է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, «Մեր Ձևով» շարժման համակարգողն ասաց. «Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է, Ադրբեջանի հետ ունենք հարցեր՝ մեր հայրենակիցների տուն վերադարձի իրավունքի, մեր գերիների վերադարձի հարցերը»։



