Թրամփը Վենեսուելայի «կառավարիչ» է նշանակելու Մարկո Ռուբիոյին. Bloomberg
ՔԱՂԱՔԱԿԱՆՄի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ապշեցրեց աշխարհը՝ Վենեսուելան «կառավարելու» ԱՄՆ-ի ծրագրերի մասին հայտարարությամբ, հարավամերիկյան պետությունը հայտնվեց անորոշության մեջ, թե ինչ է դա նշանակում և ով է ղեկավարում երկիրը, գրում է Bloomberg-ը։
Վենեսուելայի առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոն գտնվում էր Նյու Յորք թռչող ինքնաթիռում, երբ նրա փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը, ըստ Թրամփի, պետք է համագործակցեր Վաշինգտոնի հետ՝ «Վենեսուելան կրկին մեծ դարձնելու» համար, դատապարտեց «վայրագ առևանգումը»։
Ստեղծված խառնաշփոթը խորացնում էր այն հանգամանքը, որ Սպիտակ տունը չէր մանրամասնում, թե ինչ է ենթադրում մոտ 30 միլիոն բնակչություն ունեցող նավթարդյունահանող երկրի կառավարումը։
Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն իր ողջ կարիերայի ընթացքում քննադատել է Մադուրոյին և նրա նախորդ Ուգո Չավեսին, կզբաղեցնի այդ ղեկավար պաշտոնը։
Միևնույն ժամանակ գործակալությունը ընդգծում է, որ այս պահին չկա հստակ ծրագիր՝ ամերիկյան զորքեր կամ վարչակազմ Վենեսուելայում տեղակայելու համար։ Սակայն Թրամփը հասկացրել է, որ նա հատուկ ուշադրություն է դարձնում երկրի նավթին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն կունենա «ներկայություն Վենեսուելայում, քանի որ դա վերաբերում է նավթին»։
Սա կարող է նշանակել ամերիկյան Chevron կորպորացիայի դերի ուժեղացում, որը դեռ շարունակում է աշխատել Վենեսուելայում՝ պատժամիջոցների չեղարկման պայմաններում, ինչպես նաև այլ խոշոր ամերիկյան նավթային ընկերությունների ներգրավում։



