Հանրապետականի թեկնածուն խուսափեց քաղբանտարկյալների վերաբերյալ հարցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետականի օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանը խուսափեց Պետաիրավական նիստի ժամանակ տեսակետ հայտնել, թե արդյոք Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Հարցը բարձրացնողը պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր, որին ի պատասխան՝ Թաթոյանն ասաց, թե որպեսզի կարողանանք գնահատել և հետևություն անել, թե արդյոք անձը քաղաքական բանտարկյալ է կամ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվում է, թե ոչ, անհրաժեշտ է անդրադառնալ դա բացահայտող չափանիշներին:
«Որպեսզի կոնկրետ հարցով ես կարողանամ դիրքորոշում հայտնել, թե արդյոք այս սկզբունքների կիրառությամբ կոնկրետ դեպքում անձին կարող ենք կոչել քաղաքական բանտարկյալ, թե ոչ, այս պահին դա չեմ կարող անել, որովհետև չեմ տիրապետում գործի հանգամանքներին»,- մանրամասնեց Թաթոյանը՝ շեշտելով, որ Եվրոպական դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է ուսումնասիրել գործի հանգամանքները:
Ուրիխանյանը կոչ արեց ուղիղ պատասխանել՝ կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, այլ ոչ թե խոսել այն մասին, թե տվյալ մարդը քաղբանտարկյալ է, թե ոչ: Թաթոյանը կրկին ասաց, թե օբյեկտիվորեն չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պետք է ուսումնասիրություն կատարել:
Լիլիթ Լալայան



