Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզում է տեղի ունեցել և փլատակների տակ արգելափակված քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է 76-ամյա Թամարա Ա.-ին պատկանող տունն ամբողջությամբ:
Փրկարարները, պարեկները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության Էջմիածնի ԳԳՄ-ի աշխատակիցները փլատակաների տակից դուրս են բերել Թամարա Ա-ին, ում այնուհետև պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը և տեղում օպերատիվորեն ժամանած «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



