Oրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է. Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Այսօր մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը ներկայացրել են ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Օրինագիծը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում՝ հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։
Սրանից, ինչպես նաև օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով միակ հոգևոր-մշակութային հեռուստաալիքի դեմ իրականացվող գործողությունները, բայց Փաշինյանի իշխանությունն անդրդվելի է։




















































