Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը։

«Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաեւ իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։

Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանում, առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած, որ այդ պահին արդեն Հայաստան–Ադրբեջան միջպետական սահմանի ավելի քան 12 կիլոմետրն առաջին անգամ սահմանազատված էր, իսկ երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրված՝ երկու երկրների փոխվարչապետերի կողմից։

Իմ այդ ելույթից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Նախ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց թե Հայաստանում, թե Ադրբեջանում՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եւ վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։

Դրանում 1991 թվականի դեկտեմբերի 21–ի Ալմա-Աթայի Հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք, խոսքը միջպետական սահմանների սահմանազատման մասին է:

Ահա ուրեմն, նախորդող շրջանի լավատեսական գործընթացներն անցած մեկ տարվա ընթացքում շարունակվեցին։

Այս տարվա մարտին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագիծը, եւ նման դրական ելքով ավարտել բանակցությունները նախագծի շուրջ։

Այդ փաստաթղթում նույնպես կողմերը հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին` հաստատում են իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ, եւ այս հենքի վրա ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը։

Ինչպես արդեն տեսաք, Ալմա-Աթայի հռչակագրին հղումը նշանակում է, որ երկու երկրները ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ եւ այդ տարածքները ներառող սահմաններն անխախտելի են։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին նշված համաձայնագիրը, ահա, այս տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, երկու երկրների ԱԳ նախարարների կողմից նախաստորագրվեց, Միացյալ Նահանգների նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման կուլմինացիան դարձավ այն Հռչակագիրը, որ Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք հանդիպման արդյունքներով եւ որը որպես վկա ստորագրեց նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Այդ Հռչակագիրն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը եւ, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։

«Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,– ասվում է Հռչակագրում։

Նույն փաստաթղթում մենք` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներս, վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Արձանագրվեց նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP ուղի) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Մենք հաստատեցինք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։

Հարգելի նախագահող, հարգելի ներկաներ,

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Այս ամենը նշանակում է եւ ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, տիկնայք եւ պարոնայք։

Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետեւողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է անհնարինը։

Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակակրի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետեւ մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին։

Ուզում եմ ընդգծել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների, Կառավարությունների ու Խորհրդարանների դերը, առանց որոնց աջակցության, իհարկե, անհնար կլիներ հասնել այս կետին։

Խաղաղությունը, այսպիսով հաստատված է։ Բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք։

Խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում, նորածին մանուկի նման իրեն պաշտպանելու վարակից, ցրտից ու շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից։

Կոնֆլիկտը, իսկապես, շատ ավելի քիչ հարցեր է դնում մեր առաջ, եւ պատասխանի տարբերակներն էլ կոնֆլիկտի պարագայում շատ չեն։ Իսկ խաղաղությունն իր հետ բերում է հարցեր, նոր հարցեր, էլի հարցեր, շարունակաբար հարցեր եւ այդ հարցերին խնամքով եւ ոչ թե քամահրանքով պատասխանելն է խաղաղ կյանքը, այդ հարցերի շուրջ շրջահայացորեն մտածելն ու պատասխանները բարեխղճորեն ձեւակերպելն է խաղաղության ինստիտուցիոնալացումը, որը շարունակական անհրաժեշտություն է եւ որով պետք է զբաղվենք ամեն օր։

Այս համատեքստում, չափազանց կարեւոր է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։

«TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով` Միացյալ Նահանգներ–Հայաստան երկկողմ ձեւաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։

Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կիլոմետր տարբեր ենթակառուցվածքներից, TRIPP ուղին թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն եւ ազդեցություն է ունենալու։

Ի դեպ, հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի, հոգատարության համատեքստում շատ կարեւոր է խաղաղամետ, լեգիտիմ եւ համաձայնեցված խոսույթի կիրառումը նաեւ այս նախագծի մասին։

Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի Հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում` այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։

Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն եւ խոսույթ ենք համաձայնեցրել, եւ այդ համաձայնություններին հավատարմությունը որեւէ կերպ կասկածի տակ դնելն իմ նշած եւ կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում եւ խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում։

Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։

Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է։

Ինձ բավարար բերկրանք է պատճառում նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է եւ ատելություն չի տածում ու չի տարածում հարեւանների և որևէ մեկի նկատմամբ։

Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռքբերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռքբերված եւ հռչակված պայմանավորվածությունների։

Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։

Իմ այսօրվա ելույթում, ի դեպ, չեք գտնի վերաբերելի գոնե մեկ դրույթ կամ արտահայտություն, որի հիմնավորումը չեմ կարող մատնացույց անել տարբեր ձեւաչափերով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռքբերված գրավոր պայմանավորվածություններում կամ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված եւ հրապարակված փաստաթղթերում։ Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռքբերված պայմանավորվածությունները շուտափույթ եւ ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը։

Եվ ուրեմն, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված «TRIPP ուղի» նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք Արեւելքը կապելու են Արեւմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաեւ Հյուսիսն է կապվելու Հարավին։

Հենց աշխարհագրական թվարկումը բավարար է արձանագրելու համար, որ սա ճշգրիտ արտացոլումն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն այս ամբիոնից ներկայացնելու առիթ ունեցել եմ։ «TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագիծը բխում է հենց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից, որի կարողությունների զարգացման վերաբերյալ նախագահ Թրամփի հետ երկկողմ հուշագիր ստորագրեցինք օգոստոսի 8–ին` Վաշինգտոնում:

Հարկ եմ համարում նշել, որ Վաշինգտոնի Հռչակագրի համաձայն, ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։

Ինչպես արդեն ասացի, այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Այս պայմանավորվածությունները Հայաստանի Հանրապետության համար լավ առիթ են ոչ միայն TRIPP ուղու, այլեւ մյուս սահմանային անցակետերում սահմանային, մաքսային եւ այլ հսկողությունների նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու դիտանկյունից, որոնք համապատասխան կլինեն ժամանակակից ամենաառաջավոր ստանդարտներին։

«TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագծի համար կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի, այսպիսով՝ գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների բացումը, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։

Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։

Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ` տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ միջպետական սահմանի լիարժեք բացման։

Տիկնայք եւ պարոնայք,

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունը տեսանելիորեն եւ հաճելիորեն ընդլայնվում է։

30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում։

Իսկ Հայաստանի Հանրապետության ավանդական կապերը նկատելիորեն զարգանում են։ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում։ Այս հարաբերությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին զուգահեռ, չափազանց կարեւոր են Հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղ, կայուն եւ զարգացող միջավայր տեսնելու համար։

Այս իմաստով, կարեւորում եմ նաեւ 3+3 ձեւաչափը, որը մեզ համար կարեւոր հարթակ է մեր տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու, եւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, չնայած, մենք Ռուսաստանի հետ մշտապես ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձեւաչափով։

Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ, ակտիվ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Տիկնայք եւ պարոնայք, հարգելի ներկաներ,

Այս տարի մարտին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը, որը շատ մեծ նշանակություն ունի մեր օրակարգի համար։

Այս օրենքը ոչ միայն Եվրոպական միության հետ մեր աննախադեպ բարձր մակարդակի հարաբերությունների արտահայտություն է, այլեւ ուղիղ վկայություն ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության։

Շատերը հարցնում են, թե երբ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ եւ որքանով է դա իրատեսական։ Նախ, մեր չորս հարեւաններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու երկիր են։ Եվ հետո, Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու մասին օրենքը մեզ համար նախեւառաջ ժողովրդավարական բարեփոխումները հետեւողականորեն շարունակելու խթան է։

Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ եւ բովանդակային առումով համապատասխան լինել ԵՄ ստանդարտներին։ Առանց այդ ստանդարտներին համապատասխանության հնարավոր չէ ԵՄ անդամ դառնալ։ Եվ հետեւաբար, երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, այս կետից ունենք երկու ճանապարհ․ մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։

Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարեւորագույն խնդիր․ Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր։

Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու մեր ձգտումը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժողովրդավարական ընտրության հարց է, որովհետեւ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։

Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն առավել ինստիտուցիոնալ ու ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե` նոր Սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը, եւ երկրում հաստատված իրավակարգն օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն` ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատեւ ու ժողովրդակենտրոն։

Տիկնայք եւ պարոնայք, հարգելի ներկաներ,

2026 թվականն աննախադեպ է լինելու Հայաստանի Հանրապետության միջազգային ներգրավվածության տեսակետից։

Մայիսին Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը եւ ես Համայնքի բոլոր երկրների եւ կառավարությունների ղեկավարներին սիրով հրավիրում եմ մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը։

Այս գագաթաժողովը Եվրոպական քաղաքական երկխոսության կարեւոր հարթակ է, որի ձեւաչափը բոլորիս հնարավորություն է տալիս հանդես գալ որպես մի մեծ, համատեղ պատասխանատվությամբ կապված թիմ, որը պատասխանատու է Եվրոպայի եւ գլոբալ ներդաշնակության համար։

Ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովում էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, Ֆրանսիայի եւ Եվրոպական միության կազմակերպած հանդիպման արդյունքներով առաջին անգամ պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իմ տեքստից դուք տեսաք, թե այս պայմանավորվածությունն ինչպիսի վճռական դերակատարություն ունեցավ: Եվ չափազանց կարևոր է այդ համաձայնությունը, և Պրահայի այդ համաձայնությունների ձեռքբերման հարցում ուզում եմ ընդգծել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնահատուկ դերը և անհատական ջանքը:

Հարգելի նախագահող,
Ձերդ Գերազանցություններ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-նն էլ Հայաստանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը եւ ինձ համար պատիվ է բոլոր երկրների եւ Կառավարությունների ղեկավարներին հրավիրել մասնակցելու Երեւանյան այդ համաժողովին։

Հույս ունեմ` այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում զեկուցած կլինեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրն առնվազն ստորագրված է, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացված, «TRIPP ուղի» նախագծի ներդրումային ծրագրի մի մեծ հատված արդեն իսկ իրականացված։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին եւ ձեռքբերված խաղաղությանը։

Համոզված եմ` Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ, տարածաշրջանային երկրների եւ միջազգային հանրության աջակցությամբ մենք այլեւս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից։

Կեցցե՛ երկխոսությունը, կեցցե դիվանագիտությունը, կեցցե՛ խաղաղությունը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Հայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին Ռաֆինյայի վնասվածքի համար Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իլյա Մալինինը՝ աշխարհի եռակի չեմպիոն (տեսանյութ) Վաղը Ծաղկազարդ է Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Իրանը հայտարարել է Օմանի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային նավի վրա հարձակման մասին Իրանը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Իրաքի օդային տարածքը փակ կմնա մինչեւ մարտի 31-ը Իրանը ուկրաինական ռազմական ենթակառուցվածք է ոչնչացրել Դուբայում Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Միրզոյանը մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ Ովքեր են լինելու Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման մրցավարները Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջում ուսանողները ծեծել են իրար «Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանԻրանի պատերազմը կարող է դիզելի լուրջ պակաս առաջացնել Ուկրաինայում․ Զելենսկի Փաշինյանի ֆեյք աջակիցներըԿատարը եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության մասին Վանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետԻրավիճակը Կապանում՝ հորդառատ անձրևներից հետո (տեսանյութ) «ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումՓաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ ՍավգուլյանԱռատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկություններ՝ ժամը 17։00-ի դրությամբ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՊակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Ազգային հավաքականում հիմա մեծ փոփոխություններ են. Եղիշե Մելիքյան «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՀավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան Դերասանների գրառումները՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Մենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ «Լավագույն ներկայացում»՝ «Յամա»․ հայտնի են «Արտավազդ»-ի մրցանակակիրները Իրանին հասցվող անօրինական հարվածները տարածաշրջանը մղում են ավելի մասշտաբային պատերազմի. Թուրքիայի ԱԳ նախարար Գյումրու անկարգությունների գործով 8 մանկապարտեզի տնօրեն մեղադրյալի կարգավիճակ ունի ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի խոցման մասին Վարժական հավաքի մասնակիցներին վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվողի նկատմամբ հարուցվել է հետապնդում Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Հավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարԲաքուն և Սումգայիթը հեղեղվել են. ավելի քան 40 մարդ է տարհանվել Փոքրիկ կանգառ Կեչառիսում