Գյուղմթերք արտահանող Հայաստանի ամենախոշոր՝ «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին զուգահեռ ահազանգեր են հնչում Լարսում կուտակումների եւ դրանց հետեւանքով առաջացած խնդիրների մասին։
«Ահազանգեր եմ ստանում բեռնափոխադրողներից, որ արդեն մի քանի օր է՝ այսպես կոչված «կանաչ ուղին» նորմալ չի գործում, ընդամենը 50-70 բեռնատար է անցնում օրվա ընթացքում։ Սրա հետեւանքով շուրջ 3 հազար բեռնատար է սպասում հերթի մեջ։ Ասում են՝ արհեստական խոչընդոտներ են, նորմալ թողունակության դեպքում օրական առնվազն 150 բեռնատար պետք է անցնի։ Բեռնատարների վարորդները երբեմն ստիպված են նյութապես շահագրգռել, որ կարողանան անցնել։ Թե վրացական, թե ռուսական հատվածում այդ խնդիրները կան»,– NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ «Սպայկա» ընկերության բեռնատարերը չեն կարողանում տեղաշարժվել Ռուսաստանի Դաշնության տարածքում եւ գյուղմթերքը հասցնել վերջնակետ։ Դրա հետեւանքով ընկերությունը երկու օր առաջ հայտնել էր, որ կրել են շուրջ 2 միլիոն դոլարի վնաս։ Թե ինչու է ռուսական կողմը խոչընդոտներ առաջացնում, պարզ չէ։ Վերջին տեղեկությունը ընկերությունից հայտնել են երկու օր առաջ՝ նշելով, որ իրենց իրավաբանները տեղում փորձում են պարզել խնդիրը։ Ընկերության հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։ Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։ Լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ խնդիրը մասնավոր ընկերության հետ է կապված՝ հորդորելով կապ հաստատել ընկերության հետ։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի բացառում, որ իրավիճակը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ։
«Եթե հաշվի առնենք, որ «Սպայկան» գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է, ինչպես նաեւ սեփական արտադրանքը ունի, կարծում եմ՝ խորքում կան քաղաքական հարցեր։ Ասում են՝ պարբերաբար փաստաթղթային խնդիրներ են եղել, բայց դրանք շատ ժամանակ առաջանում են որոշակի անհամաձայնության կամ մեսիջներ փոխանցելու կոնտեքստում»,- նշեց պատգամավորը։
Լարսում խնդիրներ էին առաջացել նաեւ ամառվա ամիսներին, երբ հարյուրավոր հայկական բեռնատարեր չէին կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը՝ տարբեր պատճառաբանություններով։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի գործադիր տնօրեն Տիգրան Ղազարյանը NEWS.am-ի հետ նշել է, որ առհասարակ, նման պարագայում առաջինը տուժում են գյումթերք արտահանողները, երկարաժամկետ կտրվածքում նրանց վարկանիշը ընկնում է արտասահմանյան գործընկերների շրջանում։
«Գյուղմթերքն ու սննդամթերքը լրացուցիչ ծախսեր են պահանջում։ Իսկ եթե բեռները չեն հասնում ժամանակին, դիստրիբյուտորները խզում են պայմանագրերը կամ տուգանքներ են կիրառում։ Արդյունքում՝ հայկական արտադրանքը կորցնում է իր դիրքերը շուկայում։ Բացի այդ՝ արտահանման պլանները, որոնք նախապես կազմվել էին, չեն իրականացվում ժամանակացույցին համապատասխան։ Շատ ընկերություններ ստիպված են լինում մեծ ծախսեր անել՝ ապրանքը սառնարանային պայմաններում պահելու համար։ Դա ավելացնում է ինքնարժեքը և նվազեցնում մրցունակությունը»,- նշեց նա։
Տիգրան Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը նման ցնցումներին հատկապես զգայուն է՝ լինելով փոքր և արտահանումից կախված։ Նրա կարծիքով՝ ճիշտ տնտեսական և արտահանման քաղաքականությունը, ինչպես նաև այլ երկրների փորձի ճիշտ կիրառումը կարող են մեղմել խնդիրը և արագացնել լուծումները։