Ավտոբուսների մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվն աճել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում բավականին հաճախակիացել են ավտոբուսների մասնակցությամբ վթարները կամ այլ պատահարները։
Մինչ հանրային ուշադրությունը կենտրոնացած է հասարակական տրանսպորտի տարբեր բարեփոխումների և նոր որոշումների վրա, այդ թվում որոշումների, որոնք ավելի են բարդացնում քաղաքացիների առօրյան, վթարների և պատահարների թիվը շարունակում է էականորեն աճել, և սա արդեն փաստ է։
Պարզելու համար, թե իրականում որքանո՞վ է ավելացել ավտոբուսների մասնակցությամբ վթարների և պատահարների թիվը, MediaHub-ը գրավոր հարցում էր ուղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ ներկայացնելով հետևյալ հարցերը՝ 2024 թվականի և 2025 թվականի առաջին եռամսյակում քանի՞ վթար է տեղի ունեցել Երևանում ավտոբուսների մասնակցությամբ, որոնք են եղել պատճառները։ Հետաքրքրվել էինք նաև, թե նշված վթարների հետևանքով քանի՞ անձ է տուժել՝ մարմնական վնասվածք ստացել և հոսպիտալացվել։ Քանի՞ անձ է նշված ժամանակահատվածում վրաերթի ենթարկվել ավտոբուսների կողմից, կա՞ն արդյոք մահվան դեպքեր։
Վերոնշյալ հարցերին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից պատասխանել են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 2024 թվականի առաջին եռամսյակում տեղի է ունեցել 342 ճանապարհատրանսպորտային պատահար, 2025 թվականի առաջին եռամսյակում՝ 543։
«Ճանապարհատրանստորտային պատահարների հիմնական պատճառը վթարների մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է»,- նշված է փաստաթղթում։
Մարմնական վնասվածքների թվի մասով նշված է, որ 2024 թվականի առաջին եռամսյակւմ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մարմնական վնասվածք ստանալու 6, 2025 թվականի առաջին եռամսյակում՝ 18 դեպք է արձանագրվել 2024 թվականի առաջին եռամսյակում չի արձանագրվել վրաերթի որևէ դեպք, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է վրաերթի 3 դեպք։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































