Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները ձեռնարկել են հրդեհաշիջման լայնածավալ համակարգված ու արդյունավետ գործողություններ՝ օպերատիվորեն արձագանքելով բոլոր ահազանգերին, որոնց արդյունքում հնարավոր է եղել կարճ ժամանակում մեկուսացնել ու ամբողջությամբ մարել հրդեհները։
Հրշեջ-փրկարարների գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից տարածքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ոստիկանության պարեկային, էկոպարեկային ծառայությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։
Ելնելով երկրում տիրող բարձր հրդեհավտանգ իրավիճակից՝ Փրկարար ծառայությունը կրկին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին և խուսափել չնախատեսված վայրերում խարույկ վառելուց, հատկապես՝ անտառամերձ վայրերում ու հանգստյան գոտիներում։
Յուրաքանչյուրը կարող է դառնալ բնության պահապանը՝ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելով միջավայրի նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































