Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ այսօր գրություններ են ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազին և Դատախազությանը, որոնք վերաբերում են գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքին։
«Ակնհայտ է, որ այս տևական, անհիմն և ապօրինի կալանքը ենթակա է վերացման Դատախազի կողմից։ Նախորդ շաբաթ մեր պաշտպանական խումբը նախաձեռնել է կոնկրետ վարույթային գործողություններ, որոնց արդյունքներն առավել քան հստակ են։ Այս պայմաններում, նույնիսկ ամենամեծ «ցանկության» պարագայում, հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը», – գրել է Վարդևանյանը։
Նա անդրադարձել է նաև վերջին օրերին իշխանության կողմից օգտագործվող «ձև չունեք» արտահայտությանը՝ մատնանշելով այսպես կոչված «երկակի ստանդարտների» վտանգավորությունը․
«Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը։ Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել՝ կամ նշվածը ևս հանդիսանում է Քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի՝ «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում են խոսքի ազատության ընդհանուր կանոնները։ Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում՝ արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»։




















































