Հունաստանում պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունաստանը պայքարում է երկրի տարածքում բռնկված հինգ խոշոր անտառային հրդեհների դեմ: Հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ համապատասխան կառույցները տարհանում են բնակիչներին մայրաքաղաք Աթենքից ընդամենը 30 կմ հյուսիս գտնվող տարածաշրջանից։
Նշվում է, որ Հունաստանը դիմել է Եվրամիությանը՝ տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար օգնության խնդրանքով։
«Մենք ունենք վիրավոր հրշեջներ, մարդկային կյանքեր են վտանգվել, գույք է այրվել, և անտառային տարածքներ են ոչնչացվել», - ասել է Հունաստանի կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարար Յանիս Կեֆալոգիաննիսը։
Մինչ հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ հրդեհի հիմնական ճակատը զսպված է, ցրված օջախները շարունակում են այրվել: Ավելի քան 200 հրշեջ՝ ուղղաթիռների և ջրցան ինքնաթիռների աջակցությամբ, դեռևս աշխատում են տարածքում:
Վեց հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց՝ այրվածքներով և ծխահեղձ լինելու հետևանքով:
Պաշտոնյաները հայտնել են, որ մի քանի շրջաններ շարունակում են մնալ հրդեհի հետագա սպառնալիքի տակ։




















































