Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառ

Այսօր Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական թիմն առաջնորդելու է Սամվել Կարապետյանը՝ հանրահայտ բարեգործը և խոշոր գործարարը։ Այս հայտարարությունը բավարար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարչակազմում սկսվեր ցնցումների ալիք, որին հաջորդեց կառավարական ապարատի կողմից համակարգված, զանգվածային հակաքարոզչական արշավ։ Իշխանական պատգամավորները՝ Արուսյակ Ջուլհակյան և այլն, սկսեցին ափալ-թափալ հակաքարոզչություն իրականացնել սոցցանցերում։ Մեծ աղմուկն ու վայնասունը, իհարկե, դեռ առջևում է։
Սա քաղաքական դաշտի իրական սեյսմիկ շարժ է, ինչը վաղուց չէր նկատվել Հայաստանում։
Անմիջապես հայտարարությունից հետո իշխանության խոսնակներն ու մերձիշխանական քարոզչամեքենան ձայնարկեցին իրենց ամենավատ բնազդները՝
․Սկսվեց անհատական վարկաբեկման փորձ՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ՝ մոռանալով, որ հենց նրա ներդրումներով են հազարավոր հայեր աշխատել, ապրել, մնացել հայրենիքում։
․Մոբիլիզացվեցին լատենտ բլոգերները՝ «դեմ լինելով բոլորին, բացի Նիկոլից» մեթոդով։
․Ակնհայտ է. իշխանության ուղեղային կենտրոնում վաղուց կանխատեսել էին, որ Կարապետյանի գործոնը կարող է դառնալ ցնցող ալիք՝ և՛ ներսում, և՛ միջազգային հարթակում։
Իշխանափոխության օրակարգն անհետաձգելի է դառնում՝
․երբ մի ամբողջ իշխանություն գնում է սեփական ժողովրդի դեմ, պղծում նրա արժեքներն ու պատմությունը,
․երբ դատական համակարգը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի,
․երբ ազգային շահերը ենթարկվում են արտաքին թելադրանքին, առաջ է գալիս անհետաձգելի իշխանափոխության տեսլականը։
Իշխանության համար նոր, հզոր ուժերի կազմավորումը ոչ թե հերթական «փիառ սպառնալիք» է, այլ քաղաքական վերջնախաղի ազդակ։ Մինչ այժմ իշխանության վերարտադրության միակ պատճառը կազմակերպված հակաիշխանական ուժեղ ալիքի բացակայությունն էր։
Եվ հենց այս վախից է սկիզբ առնում համակարգային հակաքարոզչությունը՝ մտացածին մեղադրանքներով, դատարկախոսությամբ, դավադրապաշտությամբ ու մոռացության մատնված քարոզչական մեխանիզմներով։
Բայց եթե պետության փրկությունն է վերջնախաղի գինը, ապա քաղաքականությունն այլևս թատրոն չէ։
Առաջիկա ամիսները չեն լինելու սովորական պայքարի ժամանակներ։ Դրանք լինելու են կամ պետականության վերակազմավորման կամ վերջնական կազմալուծման ժամանակաշրջան։




















































