Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 10-ին Դուբայում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Հինգ ժամ տևած հանդիպմանը հաջորդեցին երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկություններ ադրբեջանական և հայկական մամուլում, մասնավորաբար՝ «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկման, որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման մասով։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի տպավորությամբ, վերջնական պայմանավորվածություն չկա, այլապես դրա մասին հայտարարության մեջ կնշվեր կամ որևէ հուշագիր կստորագրվեր։

«Իմ գնահատմամբ, քննարկվում են, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» տարբեր բաղադրիչներ։ Բնականաբար, Արցախն այդտեղ ընդհանրապես չի քննարկվում, որովհետև Փաշինյանը փորձում է այդ էջը փակել, և դա անելով, ըստ էության, քննարկման բոլոր հարցերը բերում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Իր քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը հնարավորություն ունի բոլոր հարցերի քննարկումները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ի՞նչ հարցեր է առաջ քաշում Ադրբեջանը։ Ադրբեջանի, նաև Թուրքիայի տեսանկյունից ամենակարևոր հարցը Հայաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը միացնող միջանցքի ստեղծումն է։ Նշում եմ Թուրքիա, որովհետև Նախիջևանը, ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանկյալ մի օղակ է։ Այդ հարցը քննարկվել է, փոխարտգործնախարարի հայտարարությունը ևս պատահական չէր, երբ նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է արտապատվիրակել ճանապարհը երրորդ կողմի։ Թե ինչ է դա նշանակում, նա մինչև վերջ չի բացատրել։ Պետք է ենթադրություններ կատարենք, բայց ակնհայտ է, որ Փաշինյանն, առանց դա միջանցք անվանելու, արդեն պատրաստ է Ադրբեջանին միջանցք տրամադրել։ Գուցե դա մի քիչ ավելի քիչ է, ինչ Ադրբեջանն է ակնկալում, բայց բնական է, որ այդ տրամաբանության մեջ տեղի է ունենալու Հայաստանի ինքնիշխանության էական սահմանափակում այդ տարածքի նկատմամբ։ Երկրորդ՝ Ադրբեջանի բռնապետը շարունակում է պնդել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման վրա։ Նա պարբերաբար այդ հարցին վերադառնում է։ Անցած շաբաթ Ստեփանակերտում տեղի ունեցած գագաթաժողովում կրկին դրան անդրադարձել է։ Խնդիրը դրված է Հայաստանի առաջ, ուղղակի փուլային են այդ հարցը լուծում։ Սկզբից մի զիջումն են փորձում պարտադրել, հետո՝ մյուսը։ Երրորդ հարցը, որի մասին նշված էր հայտարարության մեջ, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերսկսումն է։ Այս տարվա առաջին կեսին այդ հանձնաժողովը փաստացի անգործության էր մատնված, դժվար է ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Լավ է այն իմաստով, որ Հայաստանը նոր տարածքներ չի զիջում, վատ է այն իմաստով, որ Հայաստանը իր կողմից կորսված որևէ տարածք չի ստանում։ Նաև հասկանալի է, որ ուժային այս բալանսի պայմաններում Ադրբեջանը պնդելու է, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը տեղի ունենա ոչ թե այն հատվածներում, որտեղ Հայաստանը պետք է վերադարձնի իր տարածքները, այլ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը հավակնություններ ունի։ Ուստի, եթե հանձնաժողովի աշխատանքը վերսկսվի, պետք է տեսնենք՝ վերսկսելո՞ւ է, թե՞ չէ, եթե վերսկսելու է, ապա ո՞ր հատվածում, կարող եմ ենթադրել, որ դա տեղի է ունենալու ոչ թե մեր շահերին համապատասխան, այլ կրկին մեր շահերի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Ընդգծում է՝ հաջորդ հարցը շատ գրագետ կերպով քողարկված է «կողմերի միջև փոխվստահության վերականգնում» ձևակերպման ներքո։ «Կողմերի միջև «փոխվստահության» վերականգնման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը գրոհում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Նաև կողմերի միջև «փոխվստահության» վերականգնման շրջանակներում Ադրբեջանը զբաղված է Բաքվում 23 հայ պատանդի նկատմամբ կեղծ դատավարություն իրականացնելով։ «Փոխվստահությունը» վերականգնելու շրջանակներում Փաշինյանը սկսել է Դաշնակցության անդամների մասսայական ձերբակալություններ, Սամվել Կարապետյանի ձերբակալություն և այլն։ Այդ ամենը կոչվում է «փոխվստահության» վերականգնում, որովհետև այդ տրամաբանությամբ Փաշինյանը փորձում է կոտրել Հայաստանում հիմնական դիմադրության օջախները։ Իհարկե, դա իրեն չի հաջողվում, որովհետև դիմադրությունը համատարած է դարձել, բայց փորձում է Ալիևին ցույց տալ, որ իրենից կախված ամեն ինչ անում է դիմադրությունը կոտրելու համար, և ամեն ինչ չէ, որ ստացվում է։ Այս ընթացքում պետք է փորձեր Կաթողիկոսին էլ ձերբակալել, բայց չստացվեց, որովհետև հիմք չուներ դրա համար։ Կամ պետք է փորձեր իր խաժամուժով գրոհել Վեհարանը, չստացվեց, որովհետև քաղաքացիները, մասնավորապես նաև մեր աջակիցները, իրեն ուղղակի թույլ չտվեցին դա անել և այլն։ Մյուս խնդիրը, որն, իմ կարծիքով, այնտեղ առաջացել է, և որի մասին պարբերաբար խոսում են Ալիևը և իր օգնականները, Սահմանադրության փոփոխությունների հարցն է։ Տիրանայում տեղի ունեցած համաժողովից հետո կար տպավորություն, որ Ալիևը համաձայնել է այդ հարցը մի քիչ հետաձգել՝ հասկանալով, որ Փաշինյանը հիմա չի կարողանում այդ խնդիրը լուծել, իր ուժերից վեր է։ Բայց կարծում եմ, որ երկկողմ հանդիպմանն այդ հարցին նորից վերադարձել են։ Մեր ժողովրդի հստակ դիմադրությունը Փաշինյանի վարչակարգին, մասնավորապես՝ Եկեղեցու հարցով, Ալիևի մոտ այն տպավորությունն են ստեղծել, որ Փաշինյանը ընդունակ չէ երկրի ներսում հարցեր լուծելու, և եթե նա Փաշինյանի հետ գնա գործարքի, հետագայում այդ գործարքը, միևնույնն է, չեղարկվելու է Հայաստանի նոր ղեկավարության կողմից, ուստի նա Փաշինյանի առաջ դնում է անլուծելի խնդիրներ։ Ասում է՝ եթե ուզում ես իմ հետ «Խաղաղության պայմանագիր» կնքել, Սահմանադրությունը փոխիր։ Ընդ որում, ակնհայտ է, որ Փաշինյանը հստակ հասկանում է՝ նա Սահմանադրություն փոխելու կարողություն չունի, որովհետև մեր ժողովրդի 95 տոկոսը դեմ է դրան։ Այնպես չէ, որ այն 5 տոկոսը կողմ է, ուղղակի անտարբեր են։ Ամենաանհնար խնդիրն է, որը Փաշինյանի առաջ դրվում է, ըստ էության, մյուս խնդիրներն էլ են անհնար։ Փաշինյանն այդ հանդիպումից գլխիկոր դուրս եկավ՝ հստակ հասկանալով, որ Ալիևը իր հետ չի ուզում «Խաղաղության պայմանագիր» կնքել, որովհետև հասկանում է՝ նա երկրի ներսում կորցրել է վերահսկողությունը։ Նա հենվում է ուժային ռեպրեսիվ ապարատի վրա, հասարակության աջակցությունը որևէ հարցում չունի՝ ո՛չ Եկեղեցու ու ընդդիմադիրների վրա հարձակման, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ բանակի կրճատման, ո՛չ ադրբեջանցիների բնակեցման, ո՛չ միջանցքի տրամադրման, ոչ մի հարցում չկա աջակցություն։ Մեր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ, նայած թե ինչ զիջում է պահանջում Ադրբեջանը, հասարակության 85-ից 95 տոկոսը դրան դեմ է։ Բոլոր զիջումները, որոնք պահանջում է Ալիևը Փաշինյանից, անհնար է իրականացնել, առավել ևս այն պայմաններում, որ Փաշինյանն իր քաղաքական ամբողջ վարկը սպառել է այս ընթացքում։ Նա դարձել է անվստահելի, ոչ լեգիտիմ, ընկալվում է հասարակության կողմից որպես խաբեբա, կեղծավոր, երկդիմի և այլն։ Այդ պայմաններում նա ընդունակ չէ այլևս հասարակությանը որևէ բան համոզել, իսկ հասարակության կամքին հակառակ դա անել նախընտրական տարում՝ հղի է նրանով, որ իշխանությունը կկորցնի։ Փաշինյանը հստակ հասկանում է, որ հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և Ալիևին աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով։ Այդտեղ նա մանևրի տեղ չունի։ Նա դա հասկանում է, այդ պատճառով է հինգ ժամ տևած բանակցություններից դուրս եկել գլխիկոր, թթու տեսքով՝ հասկանալով, որ այդ կարգի բանակցությունները մոտեցնում են իր քաղաքական վախճանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ցածր վարկանիշի պայմաններում, երբ 2026 թվականին վերընտրվելու շանսերը շատ քիչ են, Նիկոլ Փաշինյանը կալանավորում է ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, հարձակումներ է գործում Եկեղեցու դեմ։

Այս ողջ գործընթացում նա իրեն շատերին է հանցակից դարձնում, այդ թվում՝ իրավապահ համակարգին։ «Կարծում եմ՝ մեր երկրում ունենք սողացող բռնատիրության հաստատում։ Բռնատիրության հաստատումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իրավապահ համակարգը, օրենքով գործելու փոխարեն, սկսում է ենթարկվել գլխավոր պաշտոնատար անձի կամայականություններին։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ մարդիկ, փոխանակ համակարգային դիմադրություն ցույց տան, ասեն՝ այս գործողությունը չենք անում, որովհետև այն ապօրինի է, դրա իրավական հիմքերը չունենք և այլն, իրենք տուրք են տալիս վերևից եկող հրահանգներին, սկսում են օրենքը շատ կամայական, առաձգական մեկնաբանել։ Դրա դասական օրինակը Միքայել Աջապահյանի ձերբակալումը և կալանավորումն է։ Անցած տարի հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ ինչ-որ պնդումներ, դատողություններ է արել։ Ակնհայտ է, որ այդ դատողություններն անհետևանք են, այլապես այդ հետևանքները տեսած կլինեինք այս ընթացքում։ Լավագույն դեպքում, եթե նույնիսկ քրեական գործ է հարուցվում, որևէ իմաստ չկա կալանավորել մարդուն, որն այդ տարիքում է, ունի այդ հանրային դիրքը, հեղինակությունը, կշիռը, հարգանքը և այլն։ Այսինքն՝ այդ մարդու կալանավորումը բացարձակ ահաբեկչական գործողություն է պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից։ Ամենազավեշտալին հենց դա է, որ պետական ռեպրեսիվ մեքենան իրականացնում է ահաբեկչություն, բայց դիմացինին փորձում է որակել որպես ահաբեկիչ։ Կարծում եմ՝ սա չի կարող հավերժ շարունակվել։ Սա մի թարախապալար է, որը պայթելու է, որովհետև չես կարող անընդհատ մարդկանց նկատմամբ միակողմանի և անհիմն բռնություն կիրառել։ Բոլոր այն երկրներում, որտեղ այս կարգի ռեպրեսիվ համակարգ է առաջացել, վաղ թե ուշ, սկսել է դիմադրություն առաջանալ։ Մարդիկ պատրաստ են ենթարկվել օրենքին, իրավապահ մարմինների խելամիտ պահանջներին, բայց եթե մարդկանց առավոտյան տանից տանում են, որովհետև իրենց տանը փեյնթբոլի հրացան են գտել, դա սկսում է խելամտության սահմանն անցնել։ Մարդիկ մեկ, երկու այդ ամենը հանդուրժելու են, բայց ինչոր պահից սկսած ասելու են՝ կա՛մ մեր օրինական իրավունքները պահպանեք, կա՛մ դուք էլ եք օրենքից դուրս։ Չի կարող օրենքի կիրառումը միակողմանի լինել երկրում, մեր վրա տարածվել, իսկ իրավապահ համակարգի նկատմամբ չտարածվել։ Կարծում եմ՝ իրավապահ համակարգը սկսել է ներսից դիմադրել՝ գիտակցելով դրա վտանգները, գիտակցելով, որ հասարակությունը կարող է աստիճանաբար հայտնվել իրավական քաոսի մեջ։ Դա շատ մեծ վտանգներ ունի մեր երկրի համար։ Իրավապահ համակարգն ինքն է սկսելու դիմադրել տարբեր ձևերով։ Ինչ-որ մարդիկ ուղղակի դիմում են գրելու և դուրս են գալու։ Իմ տվյալներով, արդեն որոշ մարդիկ սկսել են դուրս գալ համակարգից։ Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազ յանն, ըստ էության, հրաժարվեց ապօրինություն կատարել։ Դա ամենացայտուն օրինակն է։ Իհարկե, Փաշինյանը փորձեց դա լղոզել, ցույց տալ, որ մեկը մյուսի հետ կապ չունի, բայց ակնհայտ է, որ կապ ունի։ Աբազյանը հրաժարվեց մասնակցել ապօրինությանը։ Համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ և՛ ԱԱԾ-ից, և՛ Քննչական կոմիտեից, և՛ դատախազությունից սկսելու են դուրս գալ համակարգից, որպեսզի իրենք անձնապես այդ ապօրինությանը մասնակից չլինեն։ Իսկ մյուսները, լինելով համակարգի ներսում, դուրս չգալով, համակարգային դիմադրություն են ցույց տալու, փորձելու են հիմնավորել, բացատրել, չկատարել, ասել՝ չեմ ստորագրի սրա տակ, չեմ տեսնում սրա օրինական հիմքերը։ Չեմ կասկածում, որ դա է տեղի ունենալու, որովհետև, այնուամենայնիվ, սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Նիկոլի «փաշայապետությունը», և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև նրանք, ովքեր իրավապահ համակարգում են, սկսում են դիմադրել այս ամենին»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ