Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հրամայել է Գազայում «հասնել բոլոր նպատակներին»՝ «անկախ որևէ բանակցությունից»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հրահանգել է «շարունակել հարձակումը Գազայում» և հասնել բոլոր նպատակներին՝ «անկախ որևէ բանակցությունից», հայտնում է Times of Israel-ը։
Կացն ասել է, որ նաև հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին օգտագործել բոլոր հնարավորությունները զորքերի պաշտպանության և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ոչնչացման համար։
ՀԱՄԱՍ խմբավորումն ավելի վաղ հայտարարել էր, որ արձագանքել է հրադադարի մասին առաջարկին, որը միջնորդներին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, և որը ներառում էր պատերազմի դադարեցման պահանջ, ինչը նախկինում Իսրայելի համար կարմիր գիծ էր։
Պաղեստինյան խմբավորումը նշել է, որ համաձայնագրին համապատասխան՝ կազատի տասը ողջ պատանդի և 18 զոհվածների մարմիններ՝ Իսրայելի կողմից մի շարք պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, ինչը համապատասխանում է Ուիթքոֆի առաջարկին։
«Այս առաջարկն ուղղված է մշտական հրադադարի հասնելուն, Գազայի հատվածից զորքերի համապարփակ դուրսբերմանը և Գազայի հատվածում մեր ժողովրդին ու մեր ընտանիքներին օգնության հոսքի ապահովմանը»,- հայտարարել է խմբավորումը։




















































