«Նաիրիտ»-ի գրավադրված գույքի հետ կապված բոլոր իրավասությունները կանցնեն Հայաստանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նաիրիտ» գործարանի գույքի գրավի իրավունքները ՌԴ միջպետական բանկից փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: «Եվ հիմա կատարվում են ձևակերպման փաստաթղթային աշխատանքներ, որը մենք նախատեսում ենք ավարտին հասցնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Գույքի հետ կապված բոլոր իրավասություններն անցնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զախարյանը:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորության վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը՝ Զախարյանն ընդգծեց, որ այդ հարցով բանակցություններ տարվել են տարբեր տարբեր ընկերությունների հետ: «Այս պահին մենք որևէ ընկերության հետ պայմանավորվածություն չունենք: Կառավարությունը շահագրգռված է ու ամեն ինչ անելու է «Նաիրիտ»-ի վերագործարկման համար»,- եզրափակեց Զախարյանը:



