Ռուսաստանում ոչնչացվել է 8 տոննա թուրքական լոլիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածաշրջանային վարչության աշխատակիցները ոչնչացրել են արեւմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպս վտանգավոր հիվանդությամբ վարակված 8 տոննա թուրքական լոլիկ:
Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը:
«Վտանգավոր բեռը հայտնաբերվել է բեռնատարում` Մ-4 «Դոն» մայրուղու 801-րդ կիլոմետրի վրա: Զննության ժամանակ ճանապարհային ոստիկանության եւ «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները պարզել են, որ բեռնատարը լոլիկը փոխադրում է առանց ուղեկցող փաստաթղթերի: «Չերրի» տեսակի լոլիկով արկղերի վրա նշված է եղել, որ այն արտադրվել է Թուրքիայում», -թերթին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Սուսլինը:
Լոլիկի նմուշներն ուղարկվել են «Ռոսսելխոզնադզոր»-ի Ռոստովի փորձագիտական կենտրոն փորձաքննության, որտեղ հետազոտության արդյունքում հաստատվել է վարակված լինելու փաստը: Դրա հիման վրա 8 տ թուրքական արտադրության լոլիկը ոչնչացվել է կենցաղային թափոնների լաբորատորիայում:



