Դաշնակցականները փակել են խմբակցության դուռը և անհետացել
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոստացավ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ մանրամասներ ներկայացնել ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ թերթերից մեկը գրել էր, որ երեկ երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և հստակեցրել կոալիցիոն պայմանավորվածությունները: Արմեն Ռուստամյանը, սակայն, ընդմիջումից շատ ավելի վաղ դուրս եկել դահլիճից և նրան միջանցքում բռնացնել չհաջողվեց: Երբ լրագրողները գնացին ՀՅԴ խմբակցություն խոստացված մեկնաբանությունը լսելու նպատակով, պարզվեց, որ դաշնակցականները փակել են խմբակցության դուռը: Լրագրողները մի քանի անգամ թակեցին դուռը, այն բացեց խմբակցության աշխատակազմի աշխատակիցներից մեկը և տեղեկացրեց, որ խմբակցությունում ջուր է լցվել, ինչի պատճառով նրանք լրագրողների չեն ընդունում, որից հետո աշխատակիցը շտապեց արագ փակել դուռը: Լրագրողներին այդպես էլ չհաջողվեց գտնել Արմեն Ռուստամյանին:
Լիլիթ Լալայան



