Ադրբեջանական հերթական զավեշտը. պատգամավորն առաջարկել է վերականգնել ԼՂԻՄ-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի քաղաքական միտքը մեկ դար շարունակ այդպես էլ զարգացում չունեցավ: Այն մնացել է անցյալ դարասկզբի մակարդակին, երբ ստալինյան ռեժիմը Լեռնային Ղարաբաղը բռնակցեց արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Հանրապետությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա ապացույցը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջի կողմից խորհրդարանում, ըստ APA-ի` այսօր արած առաջարկ-զավեշտն է` «վերականգնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը», որը գոյություն չունի արդեն 28 տարի:
Իրականությունից կտրված Ադրբեջանում, «մոռանալով», որ ԼՂԻՄ-ը դեռեւս 1988 թվականին է հռչակվել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, Զահիդ Օրուջն ամենայն «լրջությամբ» հայտարարել է, որ «1990 թվականին Բաքվի կողմից վերացված ԼՂԻՄ-ի անվանման վերականգնման իրավունքը պատկանում է Ադրբեջանին»:
Հետաքրքիր է, որ դրա հետ միասին, ադրբեջանցի պատգամավորը անցյալի հուշերով տառապող իր հայրենակից ձեռնակատերերին հորդորել է հանդիսությունների տները չանվանել արցախյան շրջանների անուններով:
«Շուշիի անունով են կոչում զվարճանքի եւ հարսանյաց սրահները: Ժամանակն է վերջ տալ դրան», -բողոքել է նա:



