Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողությունների ոչ մի մտադրություն կամ ծրագիր չունի. վարչապետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, եւ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը:

Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ հարցին, վարչապետը պատասխանել է.

«Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:

Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում:

Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով:

Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով»:

Նույն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը կրկին առաջ է քաշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը, կրկին պնդելով թե մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ընդդեմ Ադրբեջանի:

Պատասխանելով հարցին, վարչապետը նշել է, որ մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել է եւ կրկին հարկ է համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան:

«Ինչո՞ւ, որովհետեւ պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին:

Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որեւէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա:

Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել եւ մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ:-Դուք ասել էիք, որ Հայաստանն էլ մտահոգություն ունի, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից: -Այո, եւ այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին:

Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել»,- ասել է վարչապետը:

Նկատի ունեք, որ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների պատճառով պետք է ոչ թե չստորագրել խաղաղության պայմանագիրը, այլ պայմանագրի ստորագրումը կփարատի՞ նաեւ այդ մտահոգությունները:

Այս հարցին ի պատասխան, վարչապետը նշել է՝ միանշանակ:

«Եվ եթե հարցին մոտենանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից,  մեր օրենքներով խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Ազգային ժողովում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեեւ 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), կստացվի, որ Ադրբեջանի փաստարկներն այս հարցում ճիշտ էին, եւ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Խաղաղության պայմանագրի եւ Սահմանադրության որոշ դրույթների միջեւ:

Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում: Իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ եւ տարածքային պահանջների թեման վերջնականորեն կփակվի: Նույնը տեղի կունենա նաեւ Ադրբեջանում: Այսինքն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որ գործնականում կփարատի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի մտահոգությունները, այդ թվում՝ սահմանադրությունների հետ կապված»:

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ՝ հարցին, վարչապետը պատասխանել է՝ կառուցողական:

«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:

Ադրբեջանն ասում է, թե դրանով ոչ մի տարածքային պահանջ առաջ չի քաշում ընդդեմ Հայաստանի, դա փախստականների վերադարձի իրավունքի հարց է եւ ՀՀ Կառավարությանը կոչ է անում արձագանքել այդ իրավունքին: 

«Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արեւմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները:

Հետեւաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արեւմտյան եւ Հայաստանի արեւելյան սահմանների անվտանգությունը»,- ասել է վարչապետը:

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է ոչ պաշտպանական զենքեր ձեռքբերելու մեջ բայց եւ ասում, որ Հայաստանը չի դիմանա իր հետ սպառազինությունների մրցավազքում։

Հարցի պատասխանելով, վարչապետը նշել է, որ Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ, սպառազինությունները ձեռք է բերվում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այսինքն՝ պաշտպանական նպատակներով եւ ՀՀ նպատակները թափանցիկ են:

«Մեզ փորձում են ասել, թե պաշտպանական նպատակներով պետք է ձեռքբերել պաշտպանական զենքեր: Բայց պաշտպանական զենքով հնարավոր չէ պաշտպանություն կազմակերպել. ասենք Հայաստանն ունեցավ գերհագեցած ՀՕՊ եւ ՌԵՊ միջոցներ, ինչո՞վ պետք է պաշտպանվի ցամաքային հարձակումներից. իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով:

Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռեւանշիստական քաղաքականությո՞ւն է վարում»,- ասել է վարչապետը:

Ադրբեջանն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինությունների ձեռքբերումը փորձում է դարձնել օրակարգային խնդիր:

Այս դիտարկման ի պատասխան, վարչապետը նշել է, որ միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունենալու իրավունք ունի եւ պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից:

«Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ իրավունքն է: Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ոչ, որովհետեւ մենք հստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, համաձայն մեր ձեռքբերած պայմանավորվածությունների եւ ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից:

Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին: Այս պայմաններում մեր արձագանքը նույնիսկ ներքին քննադատությունների է արժանանում, որովհետեւ մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման հարցում ձեռքբերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ»:

Որքանո՞վ է վարչապետը բարձր գնահատում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում:

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»,- ասել է վարչապետը:

Սահմանազատման գործընթացը կշարունակվի՞, եթե այո՝ ո՞ր տեղամասում:

«Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի»:

Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների հարցին և Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը՝ դիտարկմանը, վարչապետը նշել է.

«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը»:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա