Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 27-ին ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնութ յան հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին ներկայացրեց նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ:
Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձան նաև Հարավային Կովկասի հարակից երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին։



