«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության կուլիսներում ակտիվորեն քննարկվում է կոալիցիայի հարցը: Շատ հարցերի պատասխանները ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում չունեն, քանի որ ամբողջ գործընթացը տնօրինում է Սերժ Սարգսյանը: Արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն իշխանությունից ուզում է կարեւոր եւ ազդեցիկ պորտֆելներ: Տարբեր ոլորտներ են մատնանշվում։

Ըստ վերջին լուրերի՝ առողջապահության եւ սփյուռքի նախարարի պորտֆելների մասին է խոսք գնում, սակայն իշխանությունը սփյուռքի նախարարի պորտֆելը չի ուզում տալ: Տեղեկություններ կան նաեւ կրթության եւ մշակույթի նախարարների պորտֆելների մասին, առավել հստակ է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հեռանալու հարցը:

Բայց թե քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարն ինչպիսին կլինի, դեռ հայտնի չէ: Անգամ կոալիցիա ձեւավորելու ժամկետները հստակ չեն, բացառված չէ, որ ՀՅԴ-ն որոշի առայժմ չմտնել կառավարություն, եւ երկու ուժերի միությունն ամրագրվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, թեեւ պարզ չէ, թե այդ պարագայում ինչ իմաստ ուներ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը, որի արդյունքում ՀՅԴ վարկանիշը նկատելիորեն նվազեց:

Ինչ վերաբերում է անձերին, ապա այստեղ եւս ոչինչ միանշանակ չէ։ Հնարավոր է՝ պորտֆելներ ստանան ՀՅԴ-ին մերձ անկուսակցականներ, ինչպես, օրինակ, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի արանքում տարիներ շարունակ չկողմնորոշվող բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է։

Ի դեպ, ՀՅԴ-ն լուրջ խնդիրներ ունի սեփական սփյուռքյան կառույցների հետ, որտեղ միանշանակ չեն ընդունել իշխանության հետ համագործակցելու նրա որոշումը։ Եվ այս օրերին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում գտնվող ՀՅԴ լիդերները հանդիպումներ են ունենում կառույցների հետ, փորձում բացատրել իրենց վարքագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում