Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ պարտավորություն ունեն և ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Հայաստանի սահմանի երկայնքով կրակոցները ոմանք որպես հերթական սադրանքի նախապատրաստման հող են դիտարկում, ոմանք՝ արևմտյան հարթակներում Հայաստանի հանդիպումների պատասխան: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասում է՝ 1994 թ.-ին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո միշտ էլ հայադրբեջանական սահմանին լարումներ եղել են, այլ հարց է, թե ինչո՞ւ, ի՞նչ չափով և ի՞նչ նպատակ են հետապնդել:

«Այո, հիմա քարոզչական որոշակի հող է նախապատրաստվում: Եթե Ադրբեջանը պետք է ոչ լայնածավալ գործողություն անի ինչ-որ բարձունքներ վերցնելու, ապա պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, որ հայկական կողմից կան կուտակումներ, որոնք սադրում են և այլն: Սա անում է իր գործողություններն արդարացնելու համար: Հիմա խնդիրն այն է, թե հայկական կողմը որքանո՞վ է պատրաստ դիմագրավելու: Տավուշը բավականին ամուր պաշտպանական բնագծեր ունեցող շրջան է: 1993-94 թթ. այդտեղ պաշտպանական ամրաշինական լուրջ աշխատանքներ են արվել: Այդքան դյուրին չի լինի Ադրբեջանի համար ուժի միջոցով կարողանալ դա վերցնել: Դրա համար Ադրբեջանին պետք է, որ հայկական կողմը զիջի: Հայաստանի օրվա իշխանությունները չեն ասում, որ դիրքեր են զիջում: Եթե չորս գյուղը և երեք «անկլավը» «վերադարձնեն» Ադրբեջանին, որի իրավունքը Փաշինյանը չունի, մեր առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին խարխլվում ու փլուզվում է: Եթե դա արվեց, նշանակում է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվելու է, որովհետև երկու կողմից սեպի նման խրվելու են այդ տարածքում, գազամուղն է այդտեղով անցնում, վտանգի մեջ է հայտնվում Հայաստանի էլէներգիայի արտադրության հիսուն տոկոսն ապահովող ՋԷԿ-ը: Եթե հանձնեցին, հակառակորդը որոշ բարձունքների վրա է հայտնվելու, և մեր մի քանի գյուղեր, այդ թվում՝ Կիրանցը, շրջափակման մեջ են հայտնվելու, մյուս գյուղերի պարագայում, եթե բարձունքների վրա հակառակորդն իշխեց, մարդկանց նորմալ կենսագործունեությունը խաթարվելու է, և դրանք կարող են աստիճանաբար դատարկվել, նման վտանգ ևս կա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նահապետյանը:

Ընդգծում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին օրինակում «Ղազախի հարակից տարածքների» մասին կետ կար, որը բանակցություններից հետո ստորագրված երկրորդ օրինակում բացակայում է: «Այսօր անպատրաստ ենք երկրի ղեկավարության դիլետանտության պատճառով՝ լինի ուժային կառույցներում, թե կառավարման համակարգում: Պատերազմը միայն մարտի դաշտը չէ, պատերազմն առաջինը վարում է պետությունը՝ պետական բոլոր ինստիտուտները ներգրավելով: Ցավոք, արդյունավետությունը շատ ցածր է: 2018 թ.-ից մինչ օրս կորուստներից բացի որևէ նվաճում չունենք: Եթե հերթական ռազմական բախումը լինի, մեզ ոչ այնքան լավ հետևանքներ են սպասվում: Կա՞ տարբերակ, որ կորուստներ չունենանք: Այո, բայց Հայաստանը դրանից հրաժարվել է: Այն հետևյալն է. քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում չի արվել, Հայաստանը կարող է որևիցե տարածք չհանձնել: Կա միջպետական պայմանավորվածություն, որի տակ նաև Փաշինյանի ստորագրությունն է: Տարածքները կհանձնվեն այն ժամանակ, երբ հանձնաժողովները աշխատեն, կարող է լինել տարածք, որն Ադրբեջանինն է հիմա, փոխանակվում է մեր մեկ այլ տարածքի հետ: Հանձնաժողովի աշխատանքի գործառույթի մեջ նաև նման բան է մտնում՝ պայմանավորվածություններ փոխադարձ զիջումներով»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ինչո՞ւ ձախողվեցին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները: «Ադրբեջանին սա ձեռք չի տալիս, եթե կարող է ուժով վերցնել այն, ինչը պետք է վերցնի, առանց «խաղաղության պայմանագիր» ստորագրելու, ապա ինչո՞ւ պետք է նախ ստորագրի այն, որով պարտավորության տակ է մտնում, և ինչո՞ւ պետք է սահմանազատում ու սահմանագծում անի, եթե առանց դրա կարող է դա վերցնել: Վաղն էլ Փաշինյանը կգնա Տիգրանաշեն, բնակիչներին կասի՝ «սա իրենց տարածքն է, պետք է հանձնենք»: Ո՞վ է իրեն նման իրավասություն տվել, այդ ինչպե՞ս է որոշվում: Քրեական օրենսգրքում հոդվածներ կան, որոնք արգելում են նման բան անել: Նա ինքնիրավչության մեջ է մտնում: Տավուշում ասաց, որ պատերազմ կլինի: Եթե նման սպառնալիք կա, ապա կոնկրետ իրավական հարթություն պետք է աշխատի: Պետք է հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, երկրում ռազմական դրություն մտցնել, մասնակի կամ ամբողջական զորակոչ անել: Դրանք Սահմանադրության 119-րդ հոդվածի պահանջներն են:

Հայաստանը պետք է դիմի իր դաշնակից երկրներին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին՝ այդ հարցը քննարկելու համար: Նման որևէ քայլ չարվեց, այդ դեպքում ինչո՞ւ նման հայտարարություն արեց: Մարդկանց վախեցնելու և խուճապի մեջ գցելու խնդիր էր: Այդ տարբերակը չանցավ: Այդ կողմում մեր ժողովրդի մի մասը պայմանագրային զինծառայողներ են, իրենք միայն հող հայրենյաց չեն պաշտպանում, այլ նաև իրենց տունը և գերեզմանները: Իրենց մոտիվացիան շատ բարձր է: Փաշինյանը նաև ասաց՝ Թուրքիան էլ կարող է հարձակվել: Մի մտքի գիգանտ էլ կա՝ ԱԺ խոսնակի պարտականությունն է կատարում, ասաց, որ Թուրքիան հարձակվի, Ռուսաստանը չի պաշտպանի: Դա առնվազն չգիտի, որ 199293 թթ. երեք անգամ Թուրքիան գործնականում պատրաստվում էր Հայաստանի վրա հարձակման, ինչը Ռուսաստանի շնորհիվ կասեցվեց: Եթե չգիտեն, թող Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնեն՝ 1993 թ.-ի հոկտեմբերի 5-ին ինչո՞ւ են մեր զինված ուժերը բերվել լրիվ մարտական պատրաստության. Թուրքիայի պատճառով»,-շեշտում է ռազմական փորձագետը:

Ասում է՝ այս իրավիճակում լուծումը մեկն է, քանի դեռ հանձնաժողովները չեն աշխատել, Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը կյանքի կոչի: «Իսկ նա Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում: Ադրբեջանը չի ուզում, մենք էլ նախանձախնդիր չենք, որ այդ հանձնաժողովներն աշխատեն: Այդ հանձնաժողովների աշխատանքը երկարաժամկետ գործ է, որպեսզի ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի մոտ գայթակղություն չլինի տարածքներ վերցնելու, ռուսական կողմն առաջարկեց ոչ միայն ՀԱՊԿ դիտորդներ, այլ նաև խաղաղապահներ տեղակայել շփման գծի ամբողջ երկայնքով: Առաջարկը պաշտոնապես արվել է, հայկական կողմը մերժել է մտացածին պատրվակով՝ իբր համաձայն չէ քաղաքական գնահատականների հետ:

ՀԱՊԿ հինգ անդամ-երկրից երեքը իսլամ դավանող են, նրանց զինված ուժերը կանգնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա Ադրբեջանի համար խնդրահարույց է. եթե նա ինչ-որ քայլ անի, այդ դեպքում պետք է կրակի այդ զինծառայողների ուղղությամբ: Մյուս կողմից՝ հանձնաժողովը չի աշխատում, կամ անգործունյա վիճակ է, խաղաղապահներին և դիտորդներին թույլ չի տալիս գալ: Ինչո՞ւ է նման բան անում: Կարծում եմ՝ 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում այս անձը Մակրոնի և Շոլցի ներկայությամբ խոստումներ է տվել, որոնցից մեկով Լեռնային Ղարաբաղը գրավոր ճանաչվեց Ադրբեջանի մաս: Նա ակնկալում էր, որ Ադրբեջանը ևս մեր տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետրով կճանաչի, բայց նա դա չարեց: Ժարգոնային բառապաշարով ասած՝ իրեն «քցել» են կա՛մ Մակրոնը, Շոլցը, Ալիևն ու Էրդողանը միասին, կա՛մ նույն Մակրոնին ու Շոլցին «քցել» է Ալիևը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նահապետյանն ասում է՝ այս համատեքստում Փաշինյանը ձգտում է ԵՄ-ի հետ համագործակցությունը սերտացնել, որի առաջատար երկու պետությունների ղեկավարների միջոցով նա Ղարաբաղը դատարկեց: «Ղարաբաղի դատարկումը Փաշինյանի խղճին և կոնկրետ քայլերին է վերաբերում: Ալիևը շահագրգիռ կողմ էր, որ Ղարաբաղն իրենը լիներ, բայց քո քայլերի արդյունքում Ղարաբաղը քոնը չեղավ, չէ՞: Փոխանակ ամեն ինչ անի, որ Ադրբեջանը տարածք չվերցնի, հակառակը՝ ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը տարածք վերցնի: Որովհետև, ամենայն հավանականությամբ, ունի պարտավորություն: Կապ չունի՝ դա տեսախցիկի առաջ բանավոր խոսակցությո՞ւն է, որը տեսաձայնագրվել է, թե՞ գրավոր ինչ-որ պարտավորություն: Ի դեպ, հոկտեմբերի 6-ի հայտնի հանդիպումից հետո Հայաստան վերադառնալով՝ նա չասաց, թե գրավոր պարտավորություն է վերցրել: Դրա մասին առաջինը ՌԴ նախագահն ասաց: Երկրի ղեկավարը գրավոր պարտավորություն է վերցնում, որի մասին «երեք միլիոն վարչապետներին» չի իրազեկում, և ստիպված այլ պետության ղեկավարի ասածով ենք իմանում իրականությունը: Իսկ եթե պարզվի, որ նա նաև գրավոր պարտավորություննե՞ր է վերցրել, ինչը սկզբունքորեն չեմ բացառում»,-հավելում է ռազմական փորձագետը:

Բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել իր չափազանց վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքի Հարավային Կովկասում»: Արդյո՞ք ռուս-ուկրաինական ռազմաճակատում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ստիպում են Արևմուտքին Ռուսաստանի համար ռազմական նոր օջախներ ստեղծել: «Ուկրաինան ձախողել է բարձրաձայնած և գովազդած հակահարձակումը, ռուսական կողմը ոչնչացնում է Ուկրաինայի կրիտիկական ենթակառույցները: Առաջ դա չէր անում: Հատուկ ռազմական գործողության տրամաբանության մեջ չի մտնում ենթակառույցների վերացումը: Պուտինի խոսքով, հատուկ գործողությունը երկու խնդիր պետք է լուծեր՝ դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա, այսինքն՝ բանակ չպետք է լինի, ինչպես նաև իշխանություն, որը նացիստական գաղափարներ է կրում. դրա մեջ չէր մտնում կրիտիկական ենթակառույցներին հարվածելը: Հիմա Ռուսաստանն իր ամբողջ հզորությամբ, նաև ֆուգասային մեծ ռումբերով կրիտիկական ենթակառույցներ է ոչնչացնում: Ուկրաինան վաղը հայտնվելու է վաղ միջնադարում: Այդ պետության ճակատագիրը վերջնարդյունքում որոշված է ռազմական տեսանկյունից: Արևմուտքը, բնականաբար, մարտավարություն է փոխել:

Ասիմետրիկ պատասխաններից մեկն ահաբեկչական գործողությունն է, ինչն արվեց Մերձմոսկովյան Կրասնագորսկ քաղաքում, և այլ ուղղություններով Ռուսաստանի դեմ ճակատ բացելը: Մասնավորաբար՝ մեզ մոտ, բայց կարծում եմ, որ հարվածային ուղղությունը Հարավային Կովկասը չէ, Ռուսաստանի համար ամենախնդրահարույցը Ղազախստան-Ռուսաստան սահմանն է, որտեղ 7600 կմ չպաշտպանված, երկու պետությունների միջև աշխարհում ամենաերկար ցամաքային սահմանն է: Որպեսզի այդ սահմանում ուժերի կենտրոնացում լինի, միլիոնավոր մարդիկ պետք է բերվեն. Սիրիայից, Իրաքից՝ ահաբեկչական խմբավորումներ, Թուրքիայից՝ ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ՝ Միջինասիական հանրապետություններից, Պակիստանից ու Աֆղանստանից: Եթե Ռուսաստանի ռազմական դիմակայության «մեքենան» դիմակայեց էֆեկտիվ հակահարձակմանը, ապա հիմա այդ մեքենային Արևմուտքը նոր փորձության է ենթարկում, դա կոչվում է ծանրաբեռնվածության մեծացում: Մարդկային ռեսուրսի և տեխնիկայի առումով ճնշումները Ռուսաստանի վրա բավականին մեծ են լինելու:

ՌԴ նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-ի հավաքական զինական և մարդկային ռեսուրսն իրենց համար չափելի չէ, և զգուշացրեց՝ եթե ՆԱՏՕ-ն փորձ անի, նա տակտիկական միջուկային զենք կօգտագործի: Իր համար այս կռիվը գոյութենական խնդիր է, ԱՄՆ-ի համար՝ աշխարհի միաբևեռ կառավարումը, այսինքն՝ ազդեցության որոշակի տարածքներ կորցնելու: Այստեղից հետևություն՝ ուկրաինական ճակատում արդյունքը տեսանելի է, սա մյուս ճակատներում խնդիր է բացում: Կրկնեմ՝ Ռուսաստանի համար ամենախոցելին Ղազախստանի սահմանն է: Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից առանց հսկողության անհրաժեշտ ամեն ինչը Ղազախստան հասցնելու համար ցամաքային տարածքն անցնելու է Հայաստանով:

Սիրիայից և Իրաքից բերելու են Թուրքիա, այնտեղից էլ պետք է տանեն Ադրբեջան՝ Նախիջևանով ու Հայաստանով: Ըստ իս՝ «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունն Արևմուտքի համար այս հարցում է: Ռուսական կողմն ամեն ինչ անում է սրան դիմագրավելու համար: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում պատահակա՞ն էր, որ բացվող կոմունիկացիաների վերահսկողությունը Ռուսաստանն իր վրա էր վերցնում, որպեսզի այդ ճանապարհով զենք-զինամթերք և զինանձնակազմ չտեղափոխվեր: Իսկ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ այդ 9-րդ կետը չկատարվի: Իրականում կատարում է Թուրքիայի կոնկրետ պատվերը: Արևմուտքը հստակ խնդիր ունի այս տարածաշրջանում. այն կա՛մ Ռուսաստանի ազդեցության գոտի է՝ իր դաշնակից Իրանի հետ, կա՛մ Թուրքիայի, այսինքն՝ հավաքական Արևմուտքի: Այդ պայքարն է գնում: Փաշինյանը լծվել է երկրորդին»,-եզրափակում է Հայկ Նահապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամինՍուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը. ցնցող տվյալներԱզգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան 76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավին38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԶատիկի ձվի ներկման ամենահետաքրքիր տարբերակներըԲժիշկը զգուշացրել է երեխաների մոտ երկարատև հազի թաքնված վտանգների մասին Իրանը, զգուշանալով պատասխանից, կրճատում է Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները․ JP Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կանԿիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետական գործերի նախագահի պաշտոնում 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ ԿարապետյանԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Բժշկության աղոթքՏեստոստերոնը կարող է բարելավել ճարպային հյուսվածքի բաշխումը տարեց կանանց մոտ. Obesity PillarsԻրանում պատերազմի տնտեսական հետևանքները կարող են ավելի երկար տևել, քան բուն հակամարտությունը. AxiosՀայտնի է «Վարդաշեն» ՔԿՀ–ից փախուստի դիմած դատապարտյալի ինքնությունը ԱՄՆ-ին, թերևս, անհրաժեշտ լինի ուժեղացնել հարձակումները Իրանի դեմ՝ պատերազմն ավարտելու համար. ԲեսենթԼիբանանում էլեկտրամատակարարումը խափանվել է Քասմիա կամրջին հասցված հարվածներից հետոԱՄՆ ռազմական բյուջեն ֆինանսավորող կազմակերպությունները ևս օրինական թիրախ են. ՂալիբաֆԱշխարհահռչակ երգչուհու համերգի տոսմերը շարունակվում են վաճառվել՝ չնայած պատերազմինՄարկ Ռյուտեն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցությունը անվանել է «չափազանց կարևոր»«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիական լիգայի գավաթակիրԻսրայելի դեսպանը չի կարողացել բացատրել Իրանի հրթիռային ներուժի «ոչնչացման» մասին հայտարարություններըՊուլկովոյում անօդաչուների հարձակման պատճառով 85 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. ևս մեկ օդանավ աղետի ազդանշան է տվելՏեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՑԱՀԱԼ-ը հարվածել է իրանական ռազմաբազային և հրթիռների ու այլ զենքի արտադրության օբյեկտներինՀամայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին հուղարկավորել են Սիոնի տաճարում Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԹեհրանը կփակի Հորմուզի նեղուցը իրանական էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարձակումների դեպքումԳեների չնչին մուտացիաները ձևավորում են քաղցկեղային բջիջների և իմունային համակարգի վարքագիծը. Cancer DiscoveryԻրանի հետախուզությունը հայտնել է անկարգություններ հրահրող 23 անձի ձերբակալության մասինԱրշակունյաց պողոտայում բախվել են «BMW»-ն և «Mercedes G»-ն Իրանը 74-րդ ալիքի շրջանակում հրթիռներով ու կամիկաձե անօդաչուներով հարվածել է ԱՄՆ-ի և Իսրայելի բազաներինԹրամփը նշել է Ամերիկայի «մեծագույն թշնամուն»՝ Իրանի «մահից» հետո Նարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Իսրայելի համախառն կորուստները Իրանի հետ պատերազմի ֆոնին մոտենում են 17 միլիարդ դոլարի. «Курсор Инфо»«Բարսելոնային» հաղթանակ բերեց Արաուխոյի գոլը