Էկոնոմիկայի նախարարությունում այս պահին քննչական գործողություններ են ընթանում․ խոսնակ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ պաշտոնից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում նախարարությունում, և ձերբակալվել են արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն ու մի շարք այլ անձինք։
Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը Mediahub-ի հետ զրույցում հաստատեց, որ քննչական գործողություններ են իրականացվում նախարարությունում։
«Հաստատում եմ, որ նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում, բայց նախարարության մեկնաբանությունը հետևյալն է՝ Քննչական կոմիտեի գործողությունները չենք մեկնաբանում, իրավապահները պետական կառավարման մարմիններ, իհարկե, կարող են մտնել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ինչը մենք էլ ենք կարևորում, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,- ասաց Աստղիկ Սարգսյանը։
Մեր հարցին՝ ձերբակալե՞լ են նախկին փոխնախարարին, նախարարության խոսնակն ասաց․ «Քննչական կոմիտեի գործողությունները չենք մեկնաբանում, որովհետև մենք չենք կարող իմանալ՝ ձերբակալե՞լ են, թե՞ ոչ»։
Իսկ թե ինչու է այսօր առավոտյան ազատվել աշխատանքից Անի Իսպիրյանը, Աստղիկ Սարգսյանն ասաց՝ սեփական դիմումի համաձայն։
Վահե Մակարյան




















































