Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր». կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը փրկել է իր զինակից ընկերների կյանքը և անմահացել 2022 թ. սեպտեմբերի 13-ի լուսադեմին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կենսախինդ: Իր կողքին անհնար էր հանգիստ նստել, կսկսեր կատակել, զավեշտալի դեպքերը մինչև հիմա էլ բոլորը հիշում են: Վարակիչ ծիծաղ ուներ: Դպրոցում իր դասվարը ես եմ եղել: Ամբողջ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուբենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Նրա խոսքով, որդին դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ, ընդունակ էր: «Սիրում էր բոլոր առարկաները, բայց երբ նպատակադրվեց բժիշկ դառնալ, սկսեց ավելի մանրամասն ուսումնասիրել քիմիան, կենսաբանությունը: Ինքնուրույն պարապեց և ընդունվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Անվճար ընդունվեց, գերազանց առաջադիմություն ուներ: Մինչ օրս էլ իր դասախոսները սիրով են հիշում Ռուբենին, իր հետ կապված պատմությունները: Դպրոցից շատ սիրել է քոլեջը: Ատամնատեխնիկական բաժինն էր ավարտել: Որոշել էր ընդունվել Բժշկական համալսարանի դիմածնոտային բաժինը»: 2021 թ. հուլիսի 20-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Ճամբարակ: Մարտական հերթապահություն է իրականացրել Վերին Շորժային դիրքերում:

«Երբ Ռուբենը գնացել էր զինկոմիսարիատի վերջին ստուգումներին, պարզվել էր, որ ուղիղ աղիքի ճաք ունի: Իրենց ուղեգրով Ռուբենը վիրահատվեց, վեց ամիս ժամկետով հետաձգել էին ծառայության մեկնելը: Մայիսին վիրահատել ենք, հունիսին գնացել ու դիմում է գրել Աբովյանի զինկոմիսարիատում, որ զորակոչվի բանակ: Հունիսի կեսերին եկավ իր հերթական ծանուցագիրը, որ հուլիսի 20-ին պետք է մեկնի ծառայության: Նախքան դա ընկերներով որոշում են, որ այդ օրը պետք է գնան բանակ, նույն օրն էլ հետ գան: Հուլիսի 20-ին գնացինք իրեն ճանապարհելու: Ռուբենին երկու անգամ ավտոբուսից իջեցրել են, բայց հայրիկի, հորեղբոր ստորագրությամբ կրկին նստեց ավտոբուս և գնաց: Այդ օրն ահավոր վիճակում էի, կարծես կորուստ էի զգում, շուրջս շատ մարդիկ կային, որոնք ևս հուզված էին, լալիս էին, բայց ես հուսահատ էի, տագնապած: Ինձ մոտեցավ՝ «մա՛մ ջան, ցավդ տանեմ, լավ է լինելու, երկու տարին ինչ է որ, տղերքի հետ գնում ենք, գանք, այդպես ենք որոշել, չխանգարես, թող պապայենք ստորագրեն թղթերը, մեկ է, գնալու եմ»:

Ուրախ տրամադրությամբ մեկնեց»: Ռուբենը սկսում է իր ծառայությունը: Այդ ընթացքում եռամսյա ժամկետով վերապատրաստում է անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ ստանալով սանհրահանգչի, բուժակի որակավորում: Մայրիկն ասում է՝ որդուն «Զինուժով» էլ են ցույց տվել, թե ինչպես են գործնական պարապմունքներ անում, ռազմի դաշտում վիրավորներին փրկում: Դասընթացների ավարտին վերադառնում է զորամաս՝ որպես բուժակ, իր վաշտի հետ բարձրանում էր դիրքեր: Ռուբենը եղել է մեկից ավելի դիրքի պատասխանատու բուժակը: Ամեն ինչ խաղաղ էր, բայց այդպես միայն թվում էր: Թշնամին 2022 թ. սեպտեմբերի 13-ին հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության դեմ: Այս անգամ թիրախում Ջերմուկը, Իշխանասարը և Վարդենիսն էին:

«Այդ օրերին Ռուբենը պետք է արձակուրդ գար, բայց չեկավ, ասաց՝ մի քանի օր էլ սպասեք, դիրքերից կիջնեմ ու կգամ: Բայց իրականում գիտեր պատերազմի վտանգի մասին: Եթե դիրքերում չէր լինում, ամեն շաբաթ պետք է գնայինք իր մոտ: Անընդհատ ուզում էր, որ քույրերի երեխաներին էլ տանեինք մեզ հետ: Երբ ասում էինք, որ մեկին կտանենք, բայց մյուսը փոքր է, թող մնա մյուս անգամ, արձագանքում էր՝ ի՞նչ հետո, երեխեքին անպայման բերեք: Կարծես բոլորիս հաջող աներ, բայց մենք չէինք հասկանում»: Սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվել է: Ռուբենը ոտքերի շրջանում հրազենային խոր վիրավորում է ստանում, ինքն իրեն ցավազրկող է ներարկում, որ կարողանա օգնել իր ընկերներին. վիրակապել է նրանց, առաջին բուժօգնություն ցույց տվել:

«20 հոգի իր ձեռքերի մեջ է մահացել, նրանց աչքերը Ռուբենն է փակել: Վաշտի հրամանատարը վզի, հետո որովայնի հատվածում վիրավորվել է: Նրան օգնություն է ցույց տվել: Ծանր վիրավորված տղաներից մեկին տեղափոխել է բունկեր, գլխի հատվածում կարել է, փամփուշտներով ու կտորներով պինդ կապել ու հրահանգել, որ որևէ մեկը ձեռք չտա: Այսօր այդ տղան ողջ է, նման ծանր վիրավորումով նրան գերեվարել են, 22 օր մնացել է գերության մեջ, այնտեղ որևէ միջամտություն չեն արել և ուղարկել են Հայաստան: Իրենց դիրքերից ութ հոգի էր գերեվարվել, որոնք վերադարձել են Հայաստան: Ռուբենը թույլ չի տվել, որ նրանք դուրս գան բունկերից, վիրակապել է, ներարկումներ արել: Տուն վերադառնալուց հետո նրանցից շատերի վերքերն ուղղակի մշակել են, ոմանց դեպքում վիրահատություն են արել: Հիվանդանոցներում զարմացել էին, թե ինչպես է հնարավոր նման բան»: Մարդու բանականության համար դժվար է ընկալել այն իրողությունը, թե ինչպես է թշնամին վարվել ծանր վիրավորված զինծառայողների հետ, ինչպես է նրանց զրկել կյանքից:

Տիկին Ասյան այս մասին մի քանի խոսքով պատմեց, բայց նույնը ձեզ բառացի փոխանցելու քաջություն ես չունեմ: «Ռուբենը ոչ միայն վիրակապել ու փրկել է վիրավորների կյանքը, այլ դուրս գալով բունկերից՝ իր վաշտի զոհված տղաների մարմինները մեկ տեղում է հավաքել, որ թշնամին չխոշտանգի: Զինակից ընկերները հորդորել են դուրս չգալ բունկերից, բայց Ռուբենս մերժել է՝ չեմ կարող թույլ տալ, որ մեր տղերքին մատով կպնեն: Հետո թշնամին տարել էր երեխեքի մարմինները ու օրեր անց նոր միայն փոխանցել Հայաստանին: Այդ ընթացքում նաև կապ են պահել զորամասի հրամանատարության հետ՝ «օգնե՛ք, օգնե՛ք»: Ինը ժամ օգնություն են խնդրել: Ողջ մնացած տղաներն են մեզ պատմել՝ երբ հրամանատարը ծանր վիրավորված է եղել, պարտականությունները Ռուբենն է իր վրա վերցրել:

Զորամասի հրամանատարության հետ խոսելիս բարձր տոնով անգամ ասել է՝ «ե՞րբ է գալու ձեր օգնությունը, ինչո՞ւ խաբեցիք, չօգնեցիք, արդեն կողքներս կանգնած են, լրիվիս մորթել տվեցիք»: Գումարտակի և գնդի հրամանատարները մինչև վերջին պահն ասել են՝ դիրքը չլքեք: Ռուբենը դուրս է եկել, որ տեսնի՝ գուցե ընկերների մեջ մեկը ողջ լինի: Այդ պահին զանգել է ընկերոջը, հայրիկին ու ինձ: Ասաց՝ «մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր»: «Մամ ջանով» զանգն անջատեց, հետ զանգեցինք, բայց ոչ ոք չվերցրեց, ընկերոջ զանգին արդեն ադրբեջանցիներն էին պատասխանել»: Տղաները 7-ից 9 մետր հեռավորության վրա են հայտնվել թշնամու՝ 300-400 հոգանոց զինված զորքի դիմաց: Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ռուբենը զոհվում է, «տուն վերադառնում»՝ 22 օր անց: Այդ ընթացքում ծնողները ծեծել են պետական գերատեսչությունների բոլոր դռները, դիմել Կարմիր խաչին ու հնարավոր բոլոր մարմիններին ու անձանց:

Ծնողներին հասած տեղեկությունների համաձայն, Ռուբենը կարող էր գերիների թվում լինել, բայց իրականությունն այլ էր: Տիկին Ասյայի խոսքով, Ռուբենի զինակից ընկերները դիմում-նամակներ էին գրել, ներկայացրել զորամասին, պաշտպանության նախարարությանը, որ Ռուբենին հերոսի կոչում տան, պատմել են, թե ինչեր է Ռուբենն արել իրենց համար, ինչպես է փրկել իրենց կյանքը:

«Երբ գերլարված պահերին Ռուբենը կապ է հաստատում նաև բուժկետի հետ, տեղեկացնում, որ դեղերը ևս վերջանում են, իրեն ասում են, որ օգնությունը կգա, բայց նա կարող է մյուս ճանապարհով իջնել: Ռուբենը հրաժարվում է՝ ոչ մի վայրկյան չեմ թողնելու տղերքին, հասկանո՞ւմ եք, թե ինձ ինչ եք ասում»: Ռուբենը երկու ավագ քույրիկ ունի: Իսկ ապրելու ուժ մայրիկին տվեց Աստված: «Ամեն ինչ կապում եմ Աստծո հետ, որ նրա գործերն անքննելի են:Տարբեր մտքեր եմ ունեցել, բայց Ռուբենիս վերջին բառերն եմ հիշել՝ «մա՛մ, աղոթիր»: Ռուբենն աստվածապաշտ, աստվածավախ էր, իր «ձեռքի» գիրքն Աստվածաշունչն էր: Կարդացել ու վկայել է Աստվածաշունչ, անգամ այդ ծանր օրերին Աստծո խոսքն է եղել իր շուրթերին: Այդ օրերին տեսանյութերում ադրբեջանցիները ցույց են տալիս Ռուբենի Աստվածաշունչը: Ունենք բուժկետի ծառայության պետի ձայնագրությունը, որն ասում է՝ Ռուբենը յուրահատուկ էր ամեն ինչով: Տղաների մեջ առանձնանում էր իր վարքով, բնավորությամբ և հավատքով»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Չարենցավանի գերեզմանատանը: Ռուբենի մասին ձեզ կպատմի նրա մայրիկի հեղինակած «Հերոս բուժակ Ռուբենը» գիրքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ Մխիթարյան