Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էրիկիս միշտ ասում էի՝ առանց քեզ ու քո ձայնի մեկ րոպե չեմ ապրի, հիմա տղաներիս համար եմ ապրում». Էրիկ Աբրահամյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունի քաղաքը պաշտպանելիս. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կյանքով լեցուն: Որտեղ Էրիկն էր, այնտեղ ուրախություն, աշխուժություն էր տիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկուհին՝ Էրիկի մայրիկը:

Երբ հարցնում եմ, թե մանկության տարիներին նույնպես այդպիսի՞ն էր, մայրիկը ժպտալով արձագանքում է՝ Էրիկս այդպիսին է ծնվել: Ասում է՝ որդին այնքան աշխույժ էր, որ ընտանիքը որոշեց՝ պետք է գոնե սպորտի հաճախի էներգիան պարպելու համար: «Բայց անգամ պարապմունքներից վերադառնալուց հետո այնքան շատ էներգիա էր ունենում, որ այն, ինչ սովորում էր սպորտային պարապմունքների վայրում, պետք է փորձարկեր տանը: Հինգ տարեկանից տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ կարատեի, բռնցքամարտի և այլն: Տարբեր սպորտաձևերի՝ թեկուզ կարճ ժամանակով, բայց հաճախել է: Ըմբշամարտի մրցումների ժամանակ վնասվածք ստացավ, և թույլ չտվեցինք այլևս մրցումների մասնակցել, բայց մոտ 10-11 տարի սպորտն իր կյանքում մշտապես կար»:

Տիկին Հայկուհին վերհիշում է՝ Էրիկը մանկապարտեզի հանդեսների գլխավոր դերակատարն էր: «Այդ հանդեսների ժամանակ միշտ վերջին շարքերում էի նստում, որ ինձ չտեսնի, հակառակ դեպքում ամեն ինչ թողնում էր ու ինձ մոտ գալիս: Իրեն վստահված դերը խաղում էր, հետո, երբ գալիս էր մյուս երեխայի հերթը, Էրիկը սկսում էր չարություն անել: Երբ նորից իրեն էին խոսք տալիս, լրջանում էր ու շարունակում իր դերը խաղալ: Անգամ բեմի վրա շատ ակտիվ էր, կարծես դերասան լիներ: Դպրոցում լավ էր սովորում, ակտիվ աշակերտ էր, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում, իր մասնակցությունը պետք է ունենար նաև միջոցառումների կազմակերպչական հարցերում: Լիդերի հատկություններ ուներ: Շատ սիրում էր «Ռազմագիտություն» առարկան: Մի քանի վայրկյանում քանդում և հավաքում էր զենքը, ուսուցիչը մի քանի անգամ թույլ է տվել, որ նա վարի դասը: Ռազմական արվեստին վերաբերող դասերի էր մասնակցում: Որսորդություն ևս սիրում էր, հագնում էր անգամ չափերով մեծ շորերը և գնում որսորդության: Իր շորերը մինչև հիմա կա, պահել եմ դրանք»: Էրիկը սովորել է Արմավիր քաղաքի 9-րդ հիմնական դպրոցում, 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի «Ֆինանսներ, բանկային գործ» բաժնում:

Բարձրագույն կրթությունը շարունակել է Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի «Ֆինանսներ և վարկ, ապահովագրական գործ» բաժնում:Երկրորդ կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: «Շատ էր սիրում իր կուրսեցիներին, ասում էր՝ ափսոսում եմ, որ երբ վերադառնամ, իրենք արդեն ավարտած կլինեն: Սիրում էր բանկային գործը, ես էլ կողքից միշտ ասում էի՝ քեզ այդ մասնագիտությունը շատ «կսազի»: Իր բիզնեսն ուներ, մտադիր էր նաև այն զարգացնել: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Այդ տարիքում հասցրեց հայրիկին մեքենա նվիրել, տարիքով մեծերից ավելի աշխատասեր էր: Ամեն օր մտածում էր, թե ինչ անի, ինչով զբաղվի՝ խանութ բացեմ, սա գնեմ: Նույնն էլ բանակում ծառայելու ժամանակ: Զանգում էր՝ մա՛մ, երբ վերադառնամ, այսինչ բանն եմ անելու, այս մի գործն եմ նախաձեռնելու»: Էրիկը բանակ է զորակոչվել 2020 թ.ի հունվարի 14-ին, ծառայում էր Մարտունի 3-ում:

«Հայրիկը միշտ ասել է՝ տղա է, թող գնա, ծառայի ու գա: Վնասվածք ուներ, կարող էր ծառայությունից ազատվել, բայց հայրիկն ասաց՝ թող ծառայի: Ուրախ ենք իրեն ճանապարհել բանակ, սիրով է մեկնել, ընկերների հետ մեծ քեֆ կազմակերպեցինք, ասաց՝ զորացրվելուց էլ մեր բոլոր բարեկամներով կհավաքվենք: Ուրախ էր նաև, որ Մարտունի 3-ում է ծառայելու, քանի որ մտերիմ ընկերն այնտեղ էր ծառայում, մի քանի անգամ էլ հասցրել էր իրեն այցի գնալ: Իրեն շատ լավ էր զգում»: Էրիկն ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: «Այդ օրն առավոտյան 7-ին զանգում է ընկերոջը՝ Սա՛մ, պատերազմ է, մեզ դիրքեր են բարձրացնում: Ընկերն էլ ասում է՝ «էլի դու սկսեցիր, թող քնեմ»: Քանի որ Էրիկը շատ կատակասեր էր, ընկերը չի հավատում նրա ասածին, մտածում է, որ հոգու հետ է խաղում, քնից հանում: Տագնապի ժամանակ արագ դիրքեր են բարձրանում, հեռախոսները մնում են զորամասում, ընկերոջ համարն է միայն անգիր հիշում և ուրիշի հեռախոսից նրան է զանգում: Իրենց նախ տանում են Մարտունու համար N դիրքը, 37 օր այդ դիրքում է եղել: Ամեն օր զանգում էր, բոլորիս հետ խոսում, մեզ շատ բան չէր ասում, մի քանի րոպե ենք խոսել: Երբ ինձ ասացին, որ Էրիկը չկա, չէի հավատում: Մեզ հավատացնում էր, որ ամեն ինչ նորմալ է: 37 օր պաշտպանում է իր դիրքը, ասում են, որ թուրքերից 50 մետր էին հեռու: Նոյեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը, երեկոյան ժամի զանգեց՝ մա՛մ, ումից չէի սպասում, ինձ զանգել են: Ես էլ ասացի՝ Է՛ր, ընկերներդ տորթ էին բերել, ծնունդդ նշեցինք:

Զրուցեցինք՝ մա՛մ, գնամ քնեմ, որ գիշերը նորից պիտի դիտարկում անեմ»: Մայրիկի խոսքով, մի կես ժամ քնից հետո Էրիկին և տղաներին տեղափոխում են, ասում են, որ առաջին գծից տանում են երրորդ գիծ: «Հարթ դաշտ է լինում, դանակներով սկսում են խրամատ փորել, որ առավոտյան պատրաստ լինի: Պատմում են՝ սվին դանակով հողը փորելիս Էրիկը ծիծաղելով ասում է՝ մենք մեր տեղը փորում ենք»: Առավոտյան հարձակում է սկսվում: Նոյեմբերի 3-ի առավոտյան ժամը վեցից մինչև ցերեկը երկուսը տղաները կռիվ են տալիս: «Ժամը երկուսին երեխես ոտքից վիրավորվում է, երբ ընկերները ցանկանում են իրեն էլ տեղափոխել, ասում է՝ «փախեք, ձեզ չկպնի, կասեք, ինձ օգնության կգան»: Ընկերները նահանջում են, զեկուցում, որ Էրիկը վիրավոր է, ասում են, որ կգնան օգնության, բայց չեն գնում: Վիրավոր ոտքը բռնած՝ երեխես անօգնական մնում է դաշտում: Զոհվելուց հետո էլ երեք օր մնում է դաշտում, հետո տեղափոխում են Երևան՝ Հերացի: Իրեն 15 օր փնտրել ենք, չէինք գտնում: Պահել էին ֆուռի մեջ, մինչև դիահերձարանները դատարկվի, նոր տեղափոխեն: Տեղ չմնաց, որ իրեն չփնտրեինք: Հետո երեխուս գտանք այդ մեքենայի միջից»:

Էրիկը զոհվել է նոյեմբերի 3-ին՝ Մարտունի քաղաքը պաշտպանելիս: Տիկին Հայկուհու խոսքով, Էրիկի ամբողջ խմբից միայն հրամանատարը և որդին են զոհվել: «Հրամանատարի զոհվելուց հետո Էրիկն ինքն է կարծես սկսում կառավարել, կազմակերպել, կարծում եմ, որ թշնամին ֆիքսում է նրան: Ի դեպ, երբ գիշերը նրան տեղափոխել են, թևին նռնակ է կապել, երևի կանխազգացում է ունեցել ու ինքն իրեն ապահովագրել, որ գերի չընկնի»: Էրիկի զինակից ընկերները շարունակում են ամուր պահել կապն իրենց ընկերոջ ընտանիքի հետ: «Իրենք մեր տանից չեն բացակայում, բոլորն էլ ամեն րոպե մեր կողքին կանգնած են: Մեզ շատ հաճախ են հյուր գալիս, գիտեն, թե Էրիկը տանն է: Ես էլ գիտեմ, թե Էրիկն էլ իրենց հետ մեր տանն է: Իր բոլոր ընկերները շատ լավն են: Էրիկս էլ, Էդգարս էլ հավասարություն են սիրում ընկերության մեջ, շահամոլ չեն»: «Էրիկն իմ կուռքն է եղել, չգիտեմ՝ առաջնեկս էր, գուցե այդ պատճառով: Մեկ-մեկ ասում եմ՝ մեռնեմ, բայց հետո մտածում եմ՝ բա Էդգա՞րս: Երկու տղաներս էլ մենակ կմնան, ամեն օր գնում եմ Էրիկիս մոտ, չգնամ, ուժ չունեմ ես: Իրենց համար եմ ապրում: Չեմ ուզում մտածել, որ Էրիկս չկա: Հակառակը՝ Էրոս ինձ ուժ է տալիս: Իրեն միշտ ասում էի՝ առանց քեզ ու քո ձայնի մեկ րոպե չեմ ապրի: Էրիկն ինձ այնքան ուժ է տվել, որ և՛ ծիծաղում եմ, և՛ ասում-խոսում: Ճիշտ է, իմ ներսում ոչինչ չի փոխվում, բայց իրենից ստացած ուժը ստիպում է կյանքը շարունակել»:

Հ. Գ. - Էրիկ Աբրահամյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիր քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրել