Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մտնում էի վերակենդանացման սենյակ, որդուս ասում՝ 30 օր պայքարել ես, տեսել, թե ինչ է իրական դժոխքը, էլի պայքարիր». Էդգար Բաղումյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էդգարս պարզ էր, ընկերասեր, անձնազոհ: Ես եմ իրեն այդպիսին դաստիարակել, որ միայն իրեն չսիրի, ուժերի ներածին չափով կարողանա կիսել ընկերների տխրությունն ու ուրախությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդգարի մայրիկը՝ տիկին Էլիզան:

Նշում է՝ դպրոցում գերազանց էր սովորում այն առարկաները, որոնք սիրում էր: «Հայոց լեզուն և Մաթեմատիկան, Պատմությունը, որի հանդեպ թուլություն ուներ: Ֆիզկուլտուրայից էր ուժեղ, Մասիսի թիմով ֆուտբոլի և բասկետբոլի թիմերի կազմում մասնակցել է մրցումների, մրցույթներից մեկում հաղթել էին, և իր մեդալը կախել էր մեր տան պատի ժամացույցից, իսկ պատվոգիրն էլ այնպիսի տեղում էր դրել, որ բոլորը տեսնեն՝ իրենց թիմը հաղթել է»:

Դպրոցն ավարտելուց հետո Էդգարն ընդունվում է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Մենեջմենթ» (ըստ ճյուղերի) բաժին։ Մայրիկի խոսքով՝ որդին իրեն տեսնում էր բիզնես ծրագրերում, միշտ ասում էր, որ պետք է գրիչով վաստակես քո օրվա հացը: Քոլեջն ավարտելուց հետո՝ 2020 թ. հուլիսի 10ին, զորակոչվում է բանակ: Վերադառնալուց հետո մտադիր էր բարձրագույն կրթություն ստանալ, սովորել սիրելի՝ «Ֆինանսներ և կառավարում» բաժնում: «Սիրով է մեկնել ծառայության՝ մա՛մ, կգնամ, հայրենիքիս պարտքս կտամ ու կվերադառնամ: Ուզում էր իր հասակակիցների հետ ծառայել, անգամ տարկետման մասին չէր ուզում լսել»: Էդգարի ծառայությունն անցնում էր Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: «Երբեք որևէ բանից չի դժգոհել, լավատես մարդ էր իր էությամբ: Իր ծառայությունը համընկավ համավարակի շրջանի հետ: Անընդհատ ուզում էի գնալ իր մոտ, բայց չէր թողնում՝ մա՛մ, չգաք, միևնույնն է, չեն թողնելու: Նույնիսկ իր երդմնակալության կոնկրետ օրը մեզ չէր ասել:

Սեպտեմբերի 25-ն էր, խոսում էինք, ասացի, որ ուզում ենք գնալ, թեկուզ մեկ ժամով իրեն տեսնել, բայց Էդգարն արձագանքեց՝ մա՛մ, միևնույնն է, չեք տեսնելու ինձ, գնում ենք «վերևներ»՝ զորավարժությունների, մարտական գործողության: Դ-20 հրետանային դիվիզիոնում էր ծառայում: Հաշվի էին առել նրա ֆիզիկական ու մտավոր ունակությունները, հրետանու հաշվարկի օպերատորն էր: Այդ օրը գործողություն բառը շատ լուրջ չընդունեցի, չգիտեմ էլ՝ կարոտից էի խլացել, թե ինչ, ասացի՝ ոչինչ, բալե՛ս, 3-4 օր կտևի, մինչև իջնես, ես էլ կհասնեմ քեզ: Պատասխանեց՝ մա՛մ, անորոշ ժամանակով է: Սեպտեմբերի 26-ին քանի անգամ էլի զանգեց, զրուցեցինք, բայց այդ ժամանակ իրենք արդեն իրենց կետերում էին: Հարցնում էի, թե ինչո՞ւ չի քնում, հանգստանում, միշտ արձագանքում էր՝ ամեն ինչ նորմալ է, մի անջատեք հեռախոսը, պատմեք: Մեզ հետ խոսեց, հետո էլ ասաց, որ կզանգի ընկերներին ու սիրած աղջկան»: Իսկ հետո սկսվում է պատերազմը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Էդգարի հեռախոսը դարձավ անհասանելի: Չորս օր իրենից որևէ զանգ չենք ստացել: Առաջիններից մեկը իրենց զորամասն է ռմբակոծվել: Հրետանու մեքենան ևս իրեն էր կցված: Անհանգստությունից չգիտեինք, թե մեզ հետ ինչ է կատարվում: Հոկտեմբերի 1-ին զանգահարեց, իմ ծննդյան օրն էր, հասցրեց շնորհավորել, ընկերների միջոցով ինձ նաև ծաղկեփունջ էր ուղարկել: Ձայնը լսեցի, խիղճս մի քիչ հանգստացավ, բայց արդեն գիտեինք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: 2-3 օրով չէր զանգում: Հոկտեմբերի 16-ին ինձ զանգահարեց, մեր զրույցները կարճ էին, միայն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, մեկ էլ ասաց՝ մա՛մ, Ֆեյսբուքում ստատուս չգրես, որ հաղթելու ենք: Հետո էլի զանգեց՝ մեզ ծախել են մեր հողերի հետ: Խնդրեցի՝ Էդգա՛ր ջան, ինչ էլ կանես, միայն թե գերի չընկնես: Ասաց՝ մեր հրամանատարը լավ տղա է: Իրոք, այդպես էր, նա լավագույն հրամանատարներից էր, ով չէր լքել իր զինվորներին:

Փառք Աստծո, ողջ և առողջ է, Էդգարիս կողքին է եղել մինչև վերջին պահը՝ հիվանդանոց ճանապարհելը: Հոկտեմբերի 18-19-ին հետ են եկել զորամաս: Էլի զանգեց՝ մի քանի ժամով ենք եկել, խնդրեցի ամուսնուս, որ գնանք, իրեն հասնենք, բայց հայրիկին ասաց՝ մամային չլսեք ու չգաք: Գիտեր, որ ամեն ինչ կանեմ իրեն հասնելու համար, բայց մտածում էր մեր մասին, որովհետև պատկերացնում էր, թե ինչ է կատարվում ճանապարհներին, և անհանգստանում էր: Հոկտեմբերի 20-ին իրենց տարել էին արդեն գրավված Հադրութ: Հետո ինձ նամակ գրեց՝ ՀԹ-ում չենք, դա Հադրութի հապավումն էր, պոլկից լավ տեղ ենք, հանգիստ եղեք, հետո կզանգեմ: Երբ այդ նամակը հետո հրամանատարին ցույց տվեցի, զարմացավ՝ հույս չեն ունեցել, որ կփրկվեն: Դա հրաժեշտի նամակի նման է եղել: Բայց այդտեղից հրաշքով դուրս են գալիս, գնում Մարտունի՝ Ճարտար: Այդտեղից կարողանում էր զանգել»:

Զանգերից մեկի ժամանակ Էդգարը մայրիկին խնդրում է իր համար խաչ գնել, թեժ մարտերի ժամանակ հարվածի ալիքը նրան շպրտում է 12 մետր, միայն վզի խաչն է պոկվում: Նույն օրը եկեղեցուց մայրիկը խաչ է տուն բերում՝ Էդգարի անվանական տառով: Հոկտեմբերի 26-ի առավոտյան էլ Էդգարը զրուցում է տան անդամների հետ, և որևէ բան չի կանխագուշակում, թե ինչ է լինելու հետո: «Միշտ ասում էի՝ Էդգա՛ր, գլխարկ դի՛ր, նկատի ունեի կասկան: Խնդրում էի նկարներ ուղարկել, ասում էր՝ այս ամեն ինչից հետո կուղարկեմ: Մեր զրույցից հետո իրենց մոտ հարձակում է սկսվում: Թեժ մարտերի ժամանակ ինքնաթիռի հարվածից խոցվում է Էդգարի հրետանին, նա գլխից բեկորային վնասվածք է ստանում, իսկ ընկերոջ ձեռքն է կտրվում: Հրամանատարն է պատմել՝ Էդգարն ասաց, որ մենակ տնեցիք լավ լինեն, ես լավ եմ»: Հետո տղան անասելի երկար թվացող երկօրյա «ճանապարհ» է անցնում մինչև տուն հասնելը՝ սկզբում Գիշի, հետո Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ մոտ 4-5 ժամ, մայրիկի խոսքով, որդին արնաքամ է լինում, հետո հասնում է Գորիսի հիվանդանոց:

«Այդ ընթացքում հրամանատարը մեզ զանգահարել էր, տեղեկացրել, որ Էդգարը վիրավոր է, տեղափոխում են Հայաստան: Բայց իրեն բերել էին ոչ թե Գորիսի հոսպիտալ, այլ քաղաքային հիվանդանոց: Այնտեղ վիրահատեցին, ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: Բժշկուհին ինձ ասաց, որ Էդգարը կոմայի մեջ է, բավականին բարդ վիրահատություն է տարել: Պայքարեց, բժիշկներն ամեն հնարավորն արեցին, բայց հոկտեմբերի 28-ին տղայիս սիրտը կանգ առավ: Մտնում էի վերակենդանացման սենյակ, որդուս ասում՝ 30 օր պայքարել ես, էլի պայքարի, տեսել ես, թե ինչ է իրական դժոխքը, այնտեղ իր կողքին այնքան զինվորներ, անուշ տղաներ կային: Բայց տղայիս փրկել չկարողացան, գլխուղեղն էր վնասվել: Մայր լինելով, հասկանալով, որ անհնար է, ասում էի՝ իմն իրեն տվեք, միայն թե ապրի: Անհնարինն էի խնդրում, վերջին հույսս էր: Երբ դեպքից մի քանի օր առաջ խոսում էինք, ասաց՝ բոլորին ու ամեն ինչ կարոտել եմ, ձեզ եմ շատ կարոտել, հիմա էլ ինձ թվում է, որ ծառայությունս արդեն ավարտել եմ, հոգնել ենք այս ամենից:

Մամա եմ, ասում էի՝ փափուկ տեղ կա՞ քնելու, ասում էր՝ մա՛մ, հողի մեջ ենք միշտ քնում, հողին սովորել ենք, հողից փափուկ ոչինչ չենք տեսնում... եթե, իհարկե, քնում ենք: Իրեն շատ հանգիստ էր պահում, անգամ ծիծաղում, բայց ձայնի մեջ տխրություն էի զգում»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ուժ են տալիս Էդգարն ու Էլենը: «Պիտի ապրեմ Էլենիս համար, ես Էդգարի ու Էլենի մաման եմ: Քանի ես ապրում եմ, իմ տղան ապրում է: Պարտավորվածություն ունեմ ընտանիքիս առաջ: Որքան մեզ համար է դժվար, կրկնակի՝ քույրիկի համար՝ եղբոր կարիքը շատ ունի, աղջկաս համար փորձում եմ լրացնել այդ բացը, չնայած դա անհնար է: Էդգարի մայրը լինելով՝ նաև Էլենի մայրն եմ: Հիմա ինձ չեն ասում՝ Էլիզ, ասում են՝ Էդգարի մամա, Էդգարիս համար պետք է ուժեղ լինեմ, որքան կկարողանամ, որքան Աստված ինձ ուժ տա, բարձր պահեմ նրա պատիվն ու անունը»:

Հ. Գ. - Էդգար Բաղումյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև տարբեր ՀԿների կողմից: Հուղարկավորված է Մասիսի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի