ՌԴ-ն Հայաստանին 200 միլիոն դոլար պետական արտահանման վարկ կտրամադրի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայնագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայ ացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Նա ընդգծել է, որ փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է. պատգամավորները կքննարկեն «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:



